Նիդեռլանդներից 29-ամյա գրողը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ Բուքերյան մրցանակակիրը (լուսանկար)

17:10 • 27.08.20

Նիդեռլանդներից 29-ամյա Մարիկա Լուկաս Ռեյնեվելդը դարձել է Բուքերյան միջազգային մրցանակի (Booker International Prize)՝ պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիրը։ Մրցանակը Ռեյնեվելդին, որը սիրում է, երբ իրեն դիմեն «նրանք» դերանվամբ, շնորհվել է իր The Discomfort of Evening («Անհարմար երեկո») դեբյուտային վեպի համար, գրում է The Guardian-ը։

Ռեյնեվելդի գիրքը պատմում է Յաս անունով աղջկա մասին, որն ապրում է Նիդեռլանդների ֆերմայում՝ ուղղափառ քրիստոնյաների ընտանիքում։ Նրա ավագ եղբոր անհետանալուց հետո աղջիկը նկարագրում է, թե ինչպես է իր վշտահար ընտանիքը սկսում մասնատվել ու քայքայվել։

Գիրքն անգլերեն թարգմանել է Միշել Հաթչինսոնը։ Բուքերյան միջազգային մրցանակի կանոնների համաձայն՝ դրամական պարգևը՝ 50 հազար ֆունտ ստեռլինգ (65 հազար դոլար), բաժանվում է հեղինակի և թարգմանչի միջև։

Բուքերյան միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում անգլերեն լեզվով հրատարակված օտարերկրյա հեղինակի ստեղծագործության համար: Այս տարի այն անցկացվել է առցանց։

Բուքերյան միջազգային մրցանակի համար այս տարի մրցել է վեց հեղինակ՝ Արգենտինայից, Գերմանիայից, Իրանից, Նիդեռլանդներից, Մեքսիկայից և Ճապոնիայից:

Marieke Lucas Rijneveld wins International Booker for The Discomfort of  Evening | Books | The Guardian