Ճամայկայի դրոշի պատկերով բիկինիով և աֆրիկյան սանրվածքով Ադելին մեղադրել են մշակութային յուրացման համար (լուսանկար)
Երգչուհի Ադելն Instagram-ում օրերս լուսանկար է հրապարակել, որը երկրպագուների շրջանում ոչ միանշանակ արձագանք է գտել, գրում է Daily Mail-ը։
Երգչուհին ափսոսանք է հայտնել կորոնավիրուսի համավարակի պատճառով Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասի փողոցներում ամեն տարի անցկացվող Եվրոպայի խոշորագույն կառնավալի չեղարկման առնչությամբ և ցուցադրել է հանդերձանքը՝ Ճամայկայի դրոշի պատկերով բիկինին ու փետուրները, ինչպես նաև աֆրիկյան ժողովուրդներին բնորոշ սանրվածքը։
Սոցցանցերում օգտատերերը դատապարտել են երգչուհու ընտրությունը՝ նրան մեղադրելով մշակութային յուրացման (ապրոպրիացիա) համար։
«Սևամորթ կանայք խտրականության են ենթարկվում մշակութային սանրվածքներով ներկայանալու համար, ինչպիսիք են՝ բանտու հանգույցները և գանգուրները, բայց սպիտակամորթները՝ ոչ, դա անարդար է, և այդ պատճառով մարդիկ զայրացած են»,- ասել է օգտատերերից մեկը։
Շատ երկրպագուներ շտապել են պաշտպանել իրենց սիրելի երգչուհուն՝ հիշեցնելով, որ կառնավալը կոչված է միավորելու տարբեր էթնիկ խմբերի մարդկանց։
1966 թվականից ի վեր ամեն տարի օգոստոսի 30-31-ին Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասի փողոցներում անցկացվող այս միջոցառումն առաջին անգամ է չեղարկվել։ Այն ամեն տարի միլիոնավոր մասնակից ու հանդիսատես է ունենում։











