«Նա ուներ աշխարհում ամենաջերմ ծիծաղը»․ «Սև հովազ» ֆիլմի ռեժիսոր Ռայան Քուգլերը Բոուզմանի մահվան կապակցությամբ հուզիչ նամակ է հրապարակել
«Սև հովազ» ֆիլմի ռեժիսոր Ռայան Քուգլերն օրերս 43 տարեկանում կյանքից հեռացած դերասան Չեդվիկ Բոուզմանի մահվան կապակցությամբ հուզիչ նամակ է հրապարակել, գրում է Hollywood Reporter-ը։
Իր նամակում ռեժիսորը խոստովանել է, որ տեղյակ չի եղել Բոուզմանի «հիվանդության մանրամասներին»՝ նշելով, որ «նրա ընտանիքի հայտարարությունից հետո ես հասկացա, որ մեր ծանոթության ամբողջ ընթացքում նա իր մեջ տարել է այդ հիվանդությունը»։
«Քանի որ նա եղել է առաջնորդ, հավատքի մարդ, արժանապատվության և հպարտության մարմնացում, որն իր գործընկերներին պաշտպանել է իր տառապանքները տեսնելուց։ Նա ապրեց գեղեցիկ կյանք։ Եվ ստեղծեց մեծ արվեստ։ Ահա թե ով էր նա»,- գրել է ռեժիսորը։
Քուգլերը նաև մանրամասնորեն պատմել է Բոուզմանի հետ իր ճակատագրական առաջին հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Creed ֆիլմի համար կազմակերպված ռեժիսորական երեկույթի ժամանակ։
«Այդ ժամանակ ես նկատեցի, որ Չեդն արտառոց մարդ է։ Նա հանգիստ էր, վստահ. միշտ նոր բան էր սովորում։ Նա նաև բարի էր, նրա հետ հաճելի էր, և նա ուներ աշխարհում ամենաջերմ ծիծաղը»,- գրել է Քուգլերը։
Ռեժիսորը նաև հայտնել է, որ ընկերոջ կորստյան ցավը ջախջախել է նրան՝ նշելով, որ վերջին մեկ տարում խանդավառությամբ աշխատում էր «Սև հովազ» ֆիլմի հաջորդ մասի վրա, սակայն նրան վիճակված չէ տեսնել նրա խաղը։
«Ես վերջին տարին անցկացրել եմ պատրաստվելով, պատկերացնելով ու նրա համար բառեր գրելով, ինչը մեզ վիճակված չէ տեսնել»,- գրել է նա։
Նշենք, որ չորս տարի առաջ Բոուզմանի մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ: Նա մահացել է Լոս Անջելեսում իր տանը՝ ընտանիքի շրջապատում:
Բոուզմանը ծնվել է ԱՄՆ-ում, 1976 թվականին: Նա խաղացել է «Արդարադատություն» (Justified, 2011), «42» (2013), «Եգիպտոսի աստվածները» (Gods of Egypt, 2016), «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» (Captain America: Civil War, 2016), «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War, 2018) և այլ ֆիլմերում:
Նա լայն ճանաչում է ձեռք բերել «42» ֆիլմում կատարած Ջեքի Ռոբինսոնի և «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարած Ջեյմս Բրաունի դերերի շնորհիվ: Նաև խաղացել է սուպերհերոս Սև հովազի դերը «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում: Բոուզմանը կրկին մարմնավորել է այդ կերպարը 2018 թվականին թողարկված «Սև հովազ» ֆիլմում:










