ԲՀԿ-ն կառավարության հրաժարականի պահանջի մասով հետքայլ չի արել, ունենք քաղաքական օրակարգ, որի ուղղությամբ աշխատում ենք. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը կուսակցության ակտիվի հետ հանդիպում է ունեցել և բազմաթիվ հարցեր են քննարկվել, բայց չգիտես ինչու շեշտադրումը դրվեց նրա վրա, որ ԲՀԿ-ն անհրաժեշտության դեպքում անցկացնելու է մեծ հանրահավաք, որ ժողովրդի ձայնը լսելի լինի իշխանություններին, այո, անցկացնելու է, որովհետև տպավորություն է, որ իշխանությունը ֆեյսբուքյան կտրված իրականության մեջ է ապրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչների կողմից շնչակտուր հայտարարություններ հնչեցին: Այո՛, մենք պատրաստվում ենք հանրահավաք անցկացնել, մեր երիտասարդական կառույցը հարցումներ է անցկացրել բոլոր մարզերում կրթության չափորոշիչների վերաբերյալ մեր բնակչության կարծիքն իմանալու նպատակով և հարցվածների 95 տոկոսը դեմ է արտահայտվել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան «Պատմություն» առարկայի մեջ ներառելուն, «Հայ գրականություն» առարկայից «հայ» բաղադրիչը հանելուն, սեռական դաստիարակության վաղ տարիքում կրթական ծրագրում ընդգրկելուն: Այնպես որ, մեր այս բոլոր դիտարկումները հնչեցնելու համար այո, մենք օգտագործելու ենք հանրահավաքներ անցկացնելու գործիքակազմը»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ իրեն ժողովրդի ընտրյալ համարող իշխանությունը պետք է այդպես ցայտնոտի մեջ չընկներ հանրահավաք անցկացնելու իրենց այդ ցանկությունից և «ժողովրդավարության հռչակման գաղափարների տրամադրության մեջ պետք է, որ ցնցակաթվածային դրսևորումներ չարձանագրվեին»:
Դիտարկմանը՝ Գագիկ Ծառուկյանը ամռան սկզբին խոսում էր կառավարության կազմի 100 տոկոս փոփոխության անհրաժեշտության մասին, հիմա կրթական ծրագրերի, գյուղատնտեսական ծրագրերի մասին է խոսում, հետքա՞յլ է սա, Տոնոյանը նշեց, որ որևէ բան չի փոխվել:
«Այս գործընթացները ոչ թե մեկը մյուսին բացառող են, այլ մեկը մյուսին լրացնող և մեկը մյուսին շարունակող գործընթացներ են: Քաղաքականության մեջ որևէ բան կախարդական փայտիկի միջոցով հնարավոր չէ լուծել, օրինակ՝ հասնել այս կամ այն պաշտոնյայի, կամ ամբողջական կառավարության հրաժարականին, դրա համար կա որոշակի քայլերի հաջորդականություն: Որևէ դեպքում, ԲՀԿ պահանջների գաղափարախոսության ու ակնկալիքների մասով փոփոխություն չի եղել և որևէ հետքայլի մասին խոսելու տրամաբանություն չկա»,- ընդգծեց նա:
Իվետա Տոնոյանը հավելեց՝ իրենք ունեն քաղաքական հստակ օրակարգ, որի մասին խոսել են և աշխատում են այդ ուղղությամբ: «Մենք ասել ենք, որ կա կառավարության գործունեության տապալում, ձախողում, հիմա մատնանշում ենք, թե որ ոլորտներում ունենք 100 տոկոսանոց տապալումներ: Ունենք այնպիսի անգործություն, որի համար մենք յուրաքանչյուր օր մեր հայրենակիցների կյանքով ենք պատասխան տալիս: Մենք ունենք առողջապահական համակարգ, առողջապահության տապալված քաղաքականություն և ունենք բազմաթիվ մահեր, յուրաքանչյուր օր շարունակվող մահեր և ունենք լեռնագնացությամբ զբաղվող առողջապահության նախարար: Եթե ամբողջ քաղաքակիրթ աշխարհում որևէ մեկը կասի, որ դա նորմալ է, ես պատրաստ եմ ներողություն խնդրել իմ այս արտահայտության համար»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










