«Ըստ օդում կախված լուրերի՝ ամբողջ օրն իրար եք ձայնագրում, որ ամեն մեկդ Ձեր դիվիդնետը շահեք»․ ավագանու ԲՀԿ-ական անդամը՝ «Իմ քայլը»-ից Գրիգոր Երիցյանին
Պարո՛ն Երիցյան, ես ուղղակի ուզում եմ Ձեզ ասել, որ Դուք ամեն անգամ նիստերն օգտագործում եք՝ փորձելով ինչ-որ անձնական վիրավորանքներ ուղղորդել «Բարգավաճ Հայաստան»-ի նկատմամբ: Այս մասին Երևանի ավագանու նիստին, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
«Դուք տեսնում եք, որ մենք առավոտվանից այստեղ աշխատանքով ենք զբաղված և ծիծաղում եք, չգիտեմ՝ ինչեր եք անում: Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք, Դուք նաև սոցիալական մեդիայում եք շատ անշնորհք, ի դեպ, և մենք ոչինչ չենք խոսում և չենք ասում, ուղղակի ժպիտով անցնում-գնում ենք առաջ: Նույնը խորհուրդ եմ տալիս՝ նիստերի ժամանակ փորձեք Ձեզ մի փոքր կոռեկտ պահել»,-ասաց ավագանու անդամը, ապա շարունակեց.
«Ինչ վերաբերում է նամակներ գրելուն, Դուք ինքերդ էլ գիտեք, թե ինչեր եք գրում, տեսագրում ոչ միայն ուրիշների, այլ ինքներդ իրար դեմ: Եկեք չմանրամասնեմ: Ըստ օդում կախված լուրերի՝ ամբողջ օրն իրար եք ձայնագրում ու իրար մեսինջերներից դուրս չեք գալիս, որ ամեն մեկդ Ձեր հերթին Ձեր դիվիդնետը շահեք: Մեզ մոտ չկան նման բաներ, սրանից հետո չեք անցնում կոռեկտության սահմանը, որովհետև հետևանքները շատ ավելի տխուր կարող են լինել»,-ասաց Առաքելյանը:










