Հերոսների շիրմաքարերի պղծումը հերքվեց, ասացին՝ մոմավառություն է եղել, բայց մոմավառության հետքեր չեն, մեքենայի յուղի հոտ էր գալիս․ Ուրֆանյանին նվիրված գրքի հեղինակ (տեսանյութ)
Հերոսների շիրմաքարերի պղծումը հերքվեց, ասացին թե մոմավառություն է եղել, բայց այդ օրը երբ այցելեցինք, տեսանք, որ մոմավառության հետքեր չեն, այլ մեքենայի յուղի հոտ էր գալիս։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արմենակ Ուրֆանյանին նվիրված «Բանակի տղան» գրքի հեղինակ Վովա Արզումանյանը, անդրադառնալով Ռոբերտ Աբաջյանի ու Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը պղծելու դեպքին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։
Վովա Արզումանյանի խոսքով, շիրմաքարերի պղծման դեպքը հերքվեց, ինչը Արմենակ Ուրֆանյանի մոր՝ տիկին Համեստի վրա շատ վատ անդրադարձավ։
«Ինչ վերաբերում է Արմենակ Ուրֆանյանին, երբ նա զոհվեց, ինձ համար դարձավ հայրենապաշտության ցուցանիշ։ Այդ պատճառով էլ որոշեցի նրա մասին գիրք գրել։ Գրքի շեշտն այն էր, որ նրա մասին գրեմ պատմվածքներ, որտեղ կիշխի արցախյան կոլորիտը, որտեղ կլինի հերոսը և հերոսական Արցախը։ Գրքի վերնագիրը «Բանակի տղան» է, քանի որ երբ մի անգամ նա խոսել է իր մոր հետ, ասել է «Մամ, ես էլ քո տղան չեմ, ես բանակի տղան եմ»,- ասաց Վովա Արզումանյանը։
Վովա Արզումանյանի խոսքով, գրքում տեղ են գտել մի շարք հարցազրույցներ, որոնք արվել են հերոսի ընկերների, բարեկամների, ծառայակից ընկերների և հրամանատարական կազմի հետ։
«Գիրքն այս պահին 250 օրինակով է, այն չի վաճառվելու։ Բաժանվելու է զորամասերում և դպրոցներում։ Գիրքը լույս է տեսել Արցախի անկախության օրը, այդ օրը նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմենակ Ուրֆանյանն արժանացավ Արցախի հերոսի կոչման։
Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու ապրիլյան պատերազմից չորս տարի անց նրան հերոսի կոչման չէին արժանացնում, բայց այս տարի նա վերջապես արժանցավ այդ կոչմանը»,- ասաց Վովա Արզումանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում










