Բայդենը խոստացել է լինել «ԱՄՆ պատմության մեջ ամենաուժեղ լեյբորիստ նախագահը»

11:39 • 08.09.20

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենն Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայի նախագահ Ռիչարդ Թրումկայի հետ առցանց հանդիպման ժամանակ խոստացել է լինել «ԱՄՆ պատմության մեջ ամենաուժեղ լեյբորիստ նախագահը», գրում է The Hill-ը։

«Դուք կարող եք վստահ լինել, որ «միություն» բառը շատ կլսեք, եթե ես լինեմ Սպիտակ տանը։ Եթե պատիվ ունենամ դառնալ ձեր նախագահը, կլինեմ ամենաուժեղ լեյբորիստ նախագահը, որը երբևէ ունեցել եք»,- ասել Է Բայդենը:

Նախկին փոխնախագահը նաև անդրադարձել է գործող նախագահ Թրամփ՝ Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացիներին «անհաջողակներ» անվանելու մասին տեղեկությանը՝ դա անվանելով «բացարձակ հակաամերիկյան»։

Բայդենն անթույլատրելի է որակել «մեր ազգի համար ծառայած, իրենց կյանքը վտանգած և զոհված ամերիկացիներին «անհաջողակներ» անվանելը»՝ հիշատակելով իր հանգուցյալ ավագ որդուն՝ Իրաքի պատերազմի վետերան Բո Բայդենին։

«Իմ Բոն անհաջողակ չէր»,- ասել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 2018-ին Ֆրանիսայում գտնվելու ժամանակ Թրամփը չեղարկել էր ամերիկացի զինծառայողների գերեզման այցը: Atlantic ամսագիրը, հղում տալով անանուն աղբյուրների հայտարարություններին, նշել է, որ Թրամփը չգնալը պատճառաբանել է նրանով, որ այդ գերեզմանատունը «անհաջողակներով» լի վայր է։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հերքել էր այդ լուրերը։