Կենդանաբանական այգում մինչ այժմ ժամանակավոր պաշտոնակատար է աշխատում, միգուցե, այդ հարցերը կարգավորենք. Հռիփսիմե Առաքելյանը՝ կառավարման խորհուրդ ձևավորելու մասին
2019 թվականին Երևանի ավագանին ընդունեց կանոնադրության փոփոխության նախագիծ որով, հիմք է դրվում Երևանի Կենդանաբանական այգու կառավարման նոր մոդելի կիրառությունը՝ ստեղծելով կառավարման կոլեգիալ մարմին` կառավարման խորհուրդ, սակայն այն մինչ օրս չի ձևավորվել, միգուցե, կանոնադրության մեջ որոշ կետերի անորոշ և վերացական ձևակերպման պատճառով. ավագանու նիստին ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը` խոսելով Կենդանաբանական այգու կառավարման կոլեգիալ մարմին ստեղծելու կարևորության մասին:
Նա ընդգծեց, որ կառավարման խորհրդի ձևավորումը կարևոր կլինի այգու տնօրենի համար, քանի որ ինչքան էլ տվյալ անձը բազմակողմանի գիտելիքներով օժտված լինի, բավարար չէ ղեկավարելու խիստ մասնագիտական այդ կազմակերպությունը:
«Կազմակերպության կառավարումն իրականացնում է հիմնադիրը, այսինքն՝ ավագանին, Երևանի քաղաքապետը, կոլեգիալ կառավարման մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը: Կառավարման խորհրդի կազմում ընդգրկված անդամների քանակը սահմանվում է հետևյալ կազմով` կազմակերպության աշխատանքային ընդհանուր ժողովից առաջադրված թեկնածուներ, որոնք պետք է կազմեն կառավարման խորհրդի 20 տոկոսը, Երևանի քաղաքապետի կողմից առաջարկված մեկ թեկնածու, Երևանի ավագանու կողմից առաջադրված մեկական ավագանու թեկնածու և այլն»,- ներկայացրեց Արման Անտոնյանը:
Ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ ծանոթացել է առաջարկների փաթեթին, խոսել է Կենդանաբանական այգու աշխատակազմի հետ և տեղյակ է, որ առաջարկների փաթեթը ներկայացվել է Կենդանաբանական այգու կողմից երեկ, այսինքն` չի քննարկվել կանոնադրության մեջ փոփոխություն անելու հարցը:
«Կենդանաբանական այգու շուրջ այն աղմուկը, որ եղավ անցած տարի, կարծես թե մի փոքր դադարել է: Մենք տանք այդ մարդկանց հնարավորություն, որպեսզի այնտեղ աշխատանքները կանոնակարգեն: Մեզ մոտ մի միտում կա․ ինչ լինի-չլինի, մեր օրակարգում անընդհատ Կենդանաբանական այգու հարցն է, մենք այլ ՀՈԱԿ-ներ ունենք և նույն ձևակերպմամբ կարող ենք նրանց կանոնադրության մեջ փոփոխություն անել, բայց մոտիվացիան ո՞րն է, թողնենք այդ մարդիկ աշխատեն: Այնտեղ ժամանակավոր պաշտոնակատար է մինչ այժմ, միգուցե, փորձենք այդ հարցերը կարգավորենք և հետո, եթե խիստ խնդրահարույց հարցեր կունենանք՝ նոր մտնենք կանոնակարգերի մեջ: Եթե կանոնադրության մեջ փոփոխություն անելու հարկ լիներ, քաղաքապետարանն ինքն այդ նախաձեռնությամբ հանդես կգար»,- նշեց Հռիփսիմե Առաքելյանը:
Նա ընդգծեց, որ կառավարման խորհրդի ձևավորման դեպքում հնարավոր է անդամներից մեկը բացակայի և բարդանա կենդանաբանական այգու աշխատանքը:










