Դիմելու ենք ԱԱԾ` ճշտելու Սաշիկ Սուլթանյանի՝ «Սորոսի» գրասենյակից ստացած դրամաշնորհի իրական նպատակը և հասնենք նրան, որ եթե հիմնադրամի գործունեությունը ազգամիջյան թշնամանք է հրահրում, փակվի. Ն. Մալյան
Մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էի, որ գոյություն ունի իրավական ճանապարհ «Սորոսի» գրասենյակի գործողությունը ՀՀ-ում կասեցնելու, և հիմա մենք սկսում ենք առաջին իրավական գործընթացը. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Այնուհետև Մալյանը ներկայացրեց, թե ինչ իրավական գործընթացի մասին է խոսքը, և ինչ հիմքով պետք է կասեցվի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայկական մասնաճյուղը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ապրող ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանը, որը դեռևս 2018 թվականի մայիս ամսին, դիմելով նոր իշխանություններին, ասել է, որ եզդիներն ու հայերը ունեն եղբայրական հարաբերություններ և ավելի պետք է խորացնել այն, 2019-ին Սորոսի գրասենյակից գրանտ ստանալուց հետո լրիվ այլ հայտարարություններ է անում: Մալյանը պատմեց, որ վերջինս հարցազրույց է տվել Իրաքում գործող եզդիական լրատվամիջոցի և հայտարարել, թե եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն, Հայաստանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորություններն ազգային փոքրամասնությունների, այդ թվում` եզդիների իրավունքների պաշտպանության հարցում, Հայաստանում չի դասավանդվում եզդերենը, լեզուն Հայաստանում չունի առաջընթաց, միայն հետընթաց է ապրում, եզդիները Հայաստանում կորցնում են իրենց մշակույթը:
«Վերջին կետի մասին ասեմ, որ աշխարհում կա միայն մի երկիր, որտեղ եզդերենը դասավանդվում է, և դասագրքեր են հրապարակվում, և այդ երկիրը ՀՀ-ն է: Սա ասում եմ, որ հասկանանք ստի չափաբաժինը»,- ասաց նա:
Ըստ Մալյանի՝ Սաշիկ Սուլթանյանը հարցազրույցներ է տալիս եզդերեն, և այդ հարցազրույցները հետևողականորեն փորձել են հեռացնել համացանցից, նա իր մոտ պահպանել է դրանք:
«Բացի այդ, Սաշիկ Սուլթանյանն իր հարցազրույցներում հայտարարել է, որ 1988 թ. ընթացքում Հայաստանում եղել է շովինիստական շարժում, որի պահանջն է եղել, որ Հայաստանում բնակվեն միայն հայերը, եզդիներին գնդակահարել են և վռնդել իրենց տներից: Խոսքը Ղարաբաղյան շարժման մասին է: Նա Ղարաբաղյան շարժումը համարել է շովինիստական շարժում, որ վռնդեն եզդիներին»,- ասաց Մալյանը:
Նա հավելեց, որ այս ամենը և Սաշիկ Սուլթանյանի նախկին կարծիքը՝ մինչև գրանտ ստանալը, հայտնել են ԱԱԾ-ին: «Ինչ օգուտ կարող է ունենալ «Սորոսի» գրասենյակը նման կեղծ, սուտ պնդումներ հրապարակ նետելու մասով. բանն այն է, որ տեխնոլոգիան ամբողջ աշխարհում նույնն է: «Սորոսի» գրասենյակն իր գործունեության մեջ շարժվում է հետևյալ նպատակով՝ նրանք վերցնում են փոքր լոկալ խնդիր, փորձում են ուռճացնել այդ խնդիրը, հասցնել ինչ-որ վիճակի և, ասենք, մեկ-երկու տարի անց այս խնդրի շուրջ փորձելու են հայ և եզդի ժողովուրդների մեջ թշնամանք հրահրել և հասնել այն աստիճանի, որ դա դառնա ատելություն, արտացոլվի փողոցներում, լինեն փոխադարձ հաշվեհարդարներ, ու այդ ժամանակ ուշ կլինի ճշտելու ինչպես սկսվեց այս մեն ինչը»,- ասաց նա:
Նարեկ Մալյանը հավելեց. «Մեր պահանջն է լինելու ԱԱԾ-ից` ճշտել Սաշիկ Սուլթանյանի՝ «Սորոսի» գրասենյակի կողմից ստացած գրանտի իրական նպատակները, այդ հիմքի վրա մենք գնալու ենք «Հիմնադրամների մասին» օրենքով նրան, որ եթե հիմնադրամի գործունեությունը վնասում է հանրային առողջությունը, ազգամիջյան թշնամանք է հրահրում և այլ նման բացասական ներգործություն է ունենում հանրության վրա, այդ հիմնադրամը ենթակա է լուծարման օրենքի ուժով: Այսինքն՝ մենք գնալու ենք դեպի իրավական լուծարման»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ազգությամբ եզդի Բորիս Մուրազին, որը Politik.am կայքի գլխավոր խմբագիրն է, ասաց, որ ծանոթ չէր Սաշիկ Սուլթանյանի այդ հարցազրույցին և հավելեց, որ իրապես հաստատում է այն, որ եզդերենն աշխարհում միայն Հայաստանում է ճանաչվում պաշտոնապես, և պետական ֆինանսավորմամբ միայն Հայաստանում են դասագրքեր տպագրվում:










