Եթե 2 ամսում որևիցե մեկը կարող է ցուցանիշներ ցույց տալ, ապա նա ինձ համար կդառնա կուռք. փոխքաղաքապետ (տեսանյութ)
Ես Ազգային Ժողովում աշխատել եմ 5 կամ 6 ամիս, որի ժամանակ ունեցել ենք կարանտինային վիճակը և չենք կարողացել ավելի արդյունավետ և ոգևորված ձևով իրագործել այն նախագծերը, որոնք մշակման փուլում էին:
Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսեսյանը՝ պատասխանելով ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին, թե օրենսդիրում «Ձեր լուման ո՞րն է եղել, ի՞նչ նախագծերի վրա եք աշխատել, որի վստահության քվեով մենք պետք է Ձեզ քվեարկենք, որպեսզի համայնքային աշխատանքով զբաղվեք»:
Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ նա ազգային ժողովում իր գործունեության ժամանակ խորհրդատվական ծառայությունների մասով է իր լուման ունեցել։ Հռիփսիմե Առաքելյանը հույս հայտնեց, որ այդպիսի պասիվություն չի ցուցաբերի քաղաքապետարանում: Սերգեյ Ներսեսյանը պատասխանեց, որ իր պասիվությունը կապված է եղել կարանտինով, քանի որ չէր կարող գնալ աշխատանքի։
«Եթե երկու ամսում որևիցե մեկը կարող է մեզ ցուցանիշներ ցույց տալ, որի արդյունքում կարող է դրոշ սարքելով իր ձեռքը պարզի՝ որ ես այս եմ արել, այս քայլերն եմ արել, ես կհպարտանամ, և նա ինձ համար կդառնա կուռք»,– ասաց Սերգեյ Ներսեսյանը:
Նշենք, որ ավելի ուշ Սերգեյ Ներսեսյանն ընտրվեց փոխքաղաքապետ։










