Չի կարելի երեխաների կրթության հաշվին լուծել համավարակի դեմ պայքարի խնդիրը. ԿԳՄՍՆ մշակած ուղեցույցը չի կարող կիրառվել, դրանից կա խուլ դժգոհություն. Արամ Փախչանյան (տեսանյութ)
Չի կարելի երեխային բռնանալ, նրան պարտադրել դպրոցում դիմակ դնել, դա մանկավարժության սկզբունքներին և օրենքի կարգավորումներին դեմ է. առկա դժգոհությունները հիմնավոր են, քանի որ եթե երեխան հրաժարվում է դիմակ դնելուց, տուգանվում է դպրոցը, իսկ երեխային որևէ բան պարտադրել հնարավոր չէ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել կրթության փորձագետ, «Այբ» դպրոցի նախկին տնօրեն Արամ Փախչանյանը:
«Հավանաբար, այս որոշումը կայացվել է մանկավարժության և կրթության դաշտից դուրս գտնվող մարդկանց կողմից: Այսօր մեր կրթությունը հետ է մնացել ժամանակի պահանջներից, կրթական ճգնաժամը սրվել է, բացերն ընդգծվել են: Չափազանց կարևոր է ուսուցիչների վերապատրաստումը: Ամեն դեպքում, մենք դեռևս հեռու ենք լիարժեք հեռավար կրթությունից, իսկ միայն հեռավար կրթությունը չի կարող արդյունավետ լինել: Կան դասընթացներ, որոնք միայն դասասենյակում պիտի արվեն, դրանք պահանջում են խմբային աշխատանք»,- ասել է կրթության փորձագետը:
Ըստ Փախչանյանի՝ հանրակրթության նոր չափորոշիչը պետք է ներառական միջավայրում քննարկվեր՝ հնարավորինս լայն մասնագիտական շրջանակների ներգրավմամբ, բայց դա չի արվել, և այդ պատճառով դրանում կան բազմաթիվ թերացումներ և կողմնակալ մոտեցումներ. «Մասնագետների նեղ խումբ է աշխատել, նրանց պատկերացումներն այդպիսին են: Երբ բարեփոխումներն սկսում ենք չափորոշչից, ավելի ենք խորացնում անջրպետն ուսուցիչների և նոր կարգավորումների միջև: Դժվար է լինելու այն կյանքի կոչել, այդ փաստաթուղթն ընդհանրական է և վերացարկված: Իշխանությունները պետք է լսեն ուսուցիչներին, նրանց մասնակից դարձնեն կրթական չափորոշչի մշակման աշխատանքին»:
Փորձագետի կարծիքով՝ երեխաների կրթության հաշվին չի կարելի լուծել համավարակի դեմ պայքարի խնդիրը, այդ կորուստը հնարավոր չի լինի հատուցել. «Ծնողներն այսօր գիտակցում են, որ պետք է երախտապարտ լինեն ուսուցիչներին, որոնք ամեն ինչ անում են այս պայմաններում երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու համար: Ծնողները տեսնում են, որ կա համակարգային խնդիր: Երեխաներին պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ չի կարելի սահմանափակել դպրոցների ազատությունը. արդեն այսօր նկատելի է, որ դրանից երեխաներն ավելի ինքնամփոփ են դառնում: Խոսքն այստեղ ոչ այնքան կրթության, որքան երեխաների կայացման, սոցիալականացման մասին է»:
Արամ Փախչանյանի պնդմամբ՝ առաջարկվող սահմանափակումները դպրոցում երկար չեն ապրի, դրանք պետք է վերանայվեն, դժգոհությունը մեծ է: «Առցանց կրթության փորձը պարտադրված էր և ծայրահեղական: Դրանով բացահայտվեց դպրոցի կարևորությունը՝ որպես սոցիալիզացիայի ինստիտուտ, քանի որ տեսանք, թե դրա բացակայությունն ինչ ազդեցություն է ունենում: Դասամիջոց չանելը լուրջ խնդիր է: Կան պարզ կենցաղային անհարմարություններ, որոնք լուծում չունեն: Բարոյական խնդիր է, երբ ուսուցիչը ստիպված պետք է պայմանավորվի երեխայի հետ, և դա չանելու դեպքում դպրոցը տուգանվում է: Ավելի ընկալելի կլիներ, եթե ամեն դպրոցի տային բավարար ինքնուրույնություն, մանկավարժները միևնույն է բոլոր ջանքերը կգործադրեին, որ ամեն ինչ լավ լիներ»,- ամփոփել է կրթության փորձագետը:
Դավիթ Սարգսյան










