ՌԴ-ում քաղաքացիական շրջանառության է դրվել կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը

11:06 • 08.09.20

Ռուսաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդում է, որ կորոնավիրուսի դեմ ստեղծված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն քաղաքացիական շրջանառության է դրվել, հայտնում է eadaily.com կայքը։

«Պատվաստանյութն առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության լաբորատորիաներում անցել է որակի անհրաժեշտ փորձարկումները։ Մոտ ապագայում երկրի տարբեր շրջաններում սպասվում են պատվաստանյութերի առաջին խմբաքանակները»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։ 

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը ռուսական կլինիկաներին կմատակարարվի արդեն մյուս շաբաթ։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, պատվաստանյութի գրանցումից հետո անցկացվող հետազոտությունների ընթացքում 40 000 մարդ կպատվաստվի, որից 10 000-ը՝ պլացեբո կստանա։ Նախատեսվում է, որ փորձարկումները մոտ 6 ամիս կտևեն, որից հետո պատվաստանյութը հասանելի կլինի ՌԴ բոլոր քաղաքացիների համար։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը նախորդ ամիս հայտարարել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի («Սպուտնիկ V») գրանցման մասին։