Ավագանու նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին «Մարտի 1»–ի զոհերի հիշատակը

16:20 • 08.09.20

Տարբեր քննադատություններ հնչեցին հուշարձանի վերաբերյալ, սակայն ի պատիվ քաղաքային իշխանության, կատարվեց մի քայլ, որը գովելի է. ավագանու նիստում, խոսելով «Մարտի 1»-ի իրադարձությունների նվիրված հուշարձանի տեղադրման որոշման մասին, ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը:

«Քաղաքամայր Երևանում կանգնեցվելու է «Մարտի 1»-ի զոհերի հուշարձանը, կարևոր է չմոռանալ մարդկանց ովքեր պայքարում են իրենց քաղաքական հայացքների համար: Կան պահեր, որ պետք է ուղղակի լռել և ես առաջարկում եմ մեկ պահ հարգենք մարտի 1-ի զոհերի հիշատակը լռությամբ»,– ասաց նա, ինչից հետո ավագանին մեկ րոպե լռությամբ հարգեց «Մարտի 1»–ի զոհերի հիշատակը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը, իր ելույթում անդրադառնալով հուշարձանի տեղադրման որոշմանը, նշեց, որ հուշարձանի ընտրված վայրը խորհրդանշական է, քանի որ այն տեղադրվում է 2008 թ․ մարտի 1-2–ին տեղի ունեցած դեպքերի վայրում:

«Իրականությունը շատ ողբերգական և ամոթալի է և պետք է բոլոր իշխանություններին հիշեցնի, այն մասին, որ այլևս նման բան չկրկնվի և եթե անձնական վրդովմունք ու ցավ է առաջացնում, այո, այդ իրադարձությունն այդպիսն է, հուշարձանի միջոցով պետք է հիշեցնի մինչև արդար դատավարություն չունենանք, որ նաև դրանից հետո դաժան իրադարձություններն այլևս չկրկնվեն»,- նշեց Սաթենիկ Մկրտչյանը:

Նա ընդգծեց, թե կարևոր է այն հանգամանքը, որ հուշարձանի տեղադրման գործընթացը մրցութային կարգով է իրականացվել։ Ըստ նրա՝ կարևոր է, որպեսզի քաղաքային և պետական իշխանությունը քաղաքային յուրաքանչյուր միջամտության համար ապահովվի մրցութային գործընթաց, որպեսզի վստահ լինենք, որ ստեղծվել են պայմաններ, որի արդյունքում երաշխավորվելու է մասնագիտացված հանրության կողմից հավանության արժանացած տարբերակը: