ԱՄՆ-ում 12-ամյա աշակերտին դասերից հեռացրել են ու ոստիկանություն ահազանգել խաղալիք զենքի պատճառով
ԱՄՆ Կոլորադո նահանգի դպրոցներից մեկը 12-ամյա աշակերտին հինգ օրով թույլ չի տվել դասերին մասնակցել այն բանից հետո, երբ ուսուցիչը նրա մոտ խաղալիք զենք է նկատել և, կարծելով, թե այն իրական է, ահազանգել է տվել համապատասխան մարմիններին, գրում է thehill.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպից հետո Այսեիահ Էլիոթ անունով աշակերտի տուն են եկել սոցիալական ծառայությունների և ոստիկանության աշխատակիցներն ու ստուգումներ անցկացրել։
Աշակերտի ծնողները, սակայն, նշում են, որ նման մոտեցումը վախեցրել է իրենց, քանի որ երկրում աֆրոամերիկացիների նկատմամբ ստեղծված լարված մթնոլորտում ոստիկանական ցանկացած գործողություն որպես սպառնալիք է դիտարկվում։ Վերջիններիս խոսքով՝ նրանք ստուգումների ընթացքում վախեցել են ինչպես իրենց, այնպես էլ երեխայի կյանքի համար։
Դպրոցի տնօրինությունը չի ընդունում դեպքի առնչությամբ իրենց հասցեին հնչած քննադատությունները՝ նշելով, որ անվտանգությունն իրենց գլխավոր առաջնահերթություններից է։
Նշվում է, որ ծնողները պատրաստվում են երեխային այլ դպրոց ուղարկել։










