Իրանը ցենտրիֆուգերի արտադրության ավելի հզոր կառույց է ստեղծում. The Times of Israel
Իրանը սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ «Նաթանզե»-ում իր ստորգետնյա միջուկային օբյեկտի հարևանությամբ նոր ժամանակակից կառույց է ստեղծում: Այս մասին տեղեկացնում է The times of Israel պարբերականը` հղում տալով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Հեռուստաընկերությունը մեջբերել է երկրի միջուկային գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքը. պաշտոնյան նշել է, որ նոր կառույցը ստեղծվում է հուլիսին «Նաթանզե»-ում պայթեցված շենքի փոխարեն, որտեղ պահվում էին ցենտրիֆուգերը:
«Իրականացված չարամտություններից և սաբոտաժից ելնելով՝ որոշում է կայացվել ստեղծել ավելի ժամանակակից, ավելի լայն և ընդգրկուն սրահ, որը կկառուցվի «Նաթանզե»-ի հարակից լեռների սրտում»,-մեջբերվում է Սալեհիի խոսքը:
«Նաթանզե»-ում է գտնվում Իրանի` ուրանի զարգացման գլխավոր ենթակառուցվածքը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելը դիվերսիա է իրականացրել` իրանական «Նաթանզե» միջուկային օբյեկտում պայթուցիկ սարք գործի դնելով: Իրանը չի հաստատել, չի էլ հերքել պայթյունին Իսրայելի ներգրավվածությունը:










