Ես ամեն ինչ անելու եմ, որ զոհվածների հարազատներն ամբողջությամբ կարողանան ծանոթանալ Ապրիլյան քառօրյայի մասին զեկույցի բոլոր մանրամասներին. Անդրանիկ Քոչարյան
Ապրիլյան քառօրյայի մասին զեկույցը այս պահին էլ ակտիվ ամփոփիչ փուլում է, և այս ամսվա ընթացքում անպայման այն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որ զեկույցի հետագա ճակատագիրը, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, դրվի ընթացքի մեջ. այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի տիրույթներ, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի թույլատրելի սահմաններում հնարավորություն կտրվի հասարակությանը, ԱԺ պատգամավորներին և անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուներին ծանոթանալու: Բայց ինչպիսի պետական գաղտնիքի տիրույթում էլ լինի, ես ամեն ինչ անելու եմ, որ զոհվածների հարազատներն ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Լրագրողի հարցին, թե ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կուսակից Գարիկ Ղազարյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել, որ իր ձեռքի տակ է հայտնվել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի արձանագրություններից մի քանիսը, որոնցում հերքվել է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր է եղել, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի նիստերի ավարտից հետո Կարեն Կարապետյանին, Լևոն Մնացականյանին և այդ ժամանակահատվածում դիրքերում ծառայություն տարած շարքային զինվորականներին լսելուց և բոլոր փաստերը համադրելուց հետո հանձնաժողովի անդամները այդ հարցերի պատասխանները կներկայացնեն, ամեն ինչ ձայնագրված և տեսագրված է:
Անդրադառնալով թեմային` Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ես ասել եմ, որ ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել, և այդ ժամանակահատվածն ինչքա՞ն է տևել, որովհետև եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ: Բոլոր այդ հարցերի պատասխանները տալու ենք հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, թե որ դիրքերում ուշացան և ինչ հետևանք ունեցավ»:
Հարցին, թե պաշտպանության նախարարը համարում է, որ Ապրիլյան պատերազմում հաղթանակ ենք տարել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.
«Մեր առաջնագծի զինվորները կրել են հաղթանակ, ես ասում եմ վերջնամասում Ապրիլյան գործողություններն իրենցից ի՞նչ էին ներկայացնում, և մենք ի՞նչ ունեցանք: Բացեք զինվորական բացատրական բառարանը և կարդացեք` ի՞նչ է նշանակում հաղթանակ: Այնտեղ հստակ ձևակերպված է: Դուք իմ եզրակացությունները կկարդաք՝ հիմնավորված, փաստարկված, թե հաղթանակները և բացթողումները որտե՞ղ էին, և վերջնամասում ամբողջը ինչ էր՝ Ադրբեջանը իր առջև դրած խնդիրը լուծել է, թե չի լուծել, կամ մենք մեր առջև դրած խնդրի որ մասն ենք լուծել»:










