«Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին
«Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները երեքշաբթի ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Քիմիական զենքի ցանկացած կիրառում… անընդունելի է և հակասում է նման զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերին: Մենք՝ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարներս, ՌԴ-ին կոչ ենք անում հրատապ կարգով ապահովել լիակատար թափանցիկություն այս սարսափեցնող… թունավորման հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,- նշվում է համատեղ հայտարարությունում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ G7-ի երկրները «ուշադրությամբ կհետևեն», թե ինչ ՌԴ-ում ինչ արձագանք կտրվի Նավալնիի հետ տեղի ունեցածին:
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի Բեռլինում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով հարձակման զոհ է դարձել:
«Կան լուրջ հարցեր, որոնց միայն ռուսաստանյան կառավարությունը կարող է և պետք է պատասխանի: Ես դատապարտում եմ կատարվածը կառավարության անունից»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մերկելը՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին պատասխանել Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցերին:










