Թուրքիայում վերականգնվել է դիմակ կրելու պարտադիր ռեժիմը
Թուրքիայի իշխանությունները հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը վերականգնելու որոշում են ընդունել: Այս մասին տեղեկանում ենք հանրապետության ներքին գործերի նախարարության կայքից:
«Այս որոշումը կայացվել է նախկինում ընդունված միջոցառումները՝ հատկապես սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով: Դրա հետևանքով աճել է կորոնավիրուսի տարածումը»,-նշել են նախարարությունում:
Թուրքիայի ՆԳՆ կողմից նահանգապետերին ուղարկված հանձնարարականով՝ երկրի բոլոր շրջանների բնակիչները, առանց բացառության, պետք է դիմակ կրեն հասարակական վայրերում, փողոցներում, տրանսպորտում, զբոսայգիներում, պարտեզներում, լողափերում և աշխատավայրերում: Դիմակ չկրելը թույլատրվում է միայն այնտեղ, որտեղ անձը մշտապես բնակվում է: Դիմակի բացակայությունը կպատժվի տուգանքով:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ռեժիմը գործելու է 81 նահանգի բոլոր հասարակական վայրերում ՝ առանց որևէ բացառության:
Թուրքիայում արգելք է սահմանվում նաև համերգների և երաժշտական խմբերի ելույթների վրա: Արգելքը կգործի ոչ միայն բարերում, ռեստորաններում և ակումբներում, այլ նաև հյուրանոցներում:
Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 283 270 , մահվան` 6782 դեպք:










