Էնթոնի Հոփքինսը նոր ֆիլմում կմարմնավորի նացիստներից 669 հրեա երեխայի փրկած Նիկոլաս Ուինթոնին

14:52 • 11.09.20

Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը պատրաստվում է նկարահանվել նոր ֆիլմում, որում մարմնավորելու է նացիստներից 669 հրեա երեխայի փրկած Նիկոլաս Ուինթոնին:

Ինչպես նշում է jpost.com-ը, «Մեկ կյանք» ֆիլմում Հոփքինսը խաղալու է տարեց Ուինթոնի դերը, մինչդեռ երիտասարդ կերպարին մարմնավորելու է բրիտանացի դերասան Ջոնի Ֆլինը:

Հայտնի է, որ Ուինթոնը, որին անվանում էին «Բրիտանացի Շինդլեր», մահացել է 2015թ.: Նա 106 տարեկան էր:

Ծագումով հրեա Ուինթոնը 29-ամյա երիտասարդ էր, երբ 1938թ. դեկտեմբերին ժամանել է Պրահա, որպեսզի այնտեղից հանգստի մեկնի Շվեյցարիա: Սակայն նրա ծրագրերը փոխվել են, երբ տեղեկացել է  նացիստներով շրջափակված Չեխոսլովակիայում փախստականների ճգնաժամի մասին: Նրա ջանքերով ութ գնացք Չեխոսլովակիայից ապահով դուրս է բերել 669 երեխայի մեծ մասը՝ հրեաներ, որոնք տեղափոխվել են Մեծ Բրիտանիա:

Նրա հերոսական արարքի մասին հայտնի չի եղել մինչ 1980-ական թվականները, երբ կինը պատահաբար ապացույցներ է գտել: Դրանից հետո Ուինթոնը բազմաթիվ պարգևներ է ստացել և նույնիսկ հանդիպել է իր ջանքերով փրկվածների հետ: