«Ալ Քաիդա»-ն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների վերահրատարակմանն ի պատասխան խոստացել է կրկնել Charlie Hebdo ամսագրի վրա 2015-ի հարձակումը
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը սպառնալիքներ է հնչեցրել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հրատարակության լրագրողների հասցեին՝ հայտարարելով, որ ի պատասխան Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների վերահրատարակմանը, կարող է կրկնել 2015 թվականի ահաբեկչությունը, գրում է AFP գործակալությունը։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցի օրը ահաբեկիչները հայտարարել են, որ չեն բացառում 2015 թվականի հունվարի 7-ին խմբագրության վրա հարձակման կրկնությունը, որի ժամանակ ահաբեկիչները սպանել էին 12 մարդու։
Նշվում է, որ «Ալ Քաիդա»-ն հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել Charlie Hebdo-ի ծաղրանկարի վերահրատարակումից հետո։ Խմբագրության տնօրեն Լորան Սուրիսոն հայտարարել է, որ չի զղջում ծաղրանկարների հրատարակման համար։
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 7-ին անհայտ անձինք ինքնաձիգով և նռնակով ներխուժել էին փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ և սպանել 12 մարդու։










