Օրեգոն նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով առնվազն 23 մարդ է զոհվել, տարհանվել են հազարավոր մարդիկ (լուսանկարներ)
ԱՄՆ տարբեր նահանգներում շարունակում են պայքարել մոլեգնող անտառային հրդեհների դեմ։ Նախօրեին Օրեգոն նահանգի նահանգապետ Քեյթ Բրաունը հայտարարել է, որ ավելի քան 40 հազար բնակիչ տարհանվել է, և մոտ կես միլիոն մարդ գտնվում է տարհանման վտանգի տակ, գրում է The Guardian-ը։
Տասնյակ մարդիկ անհետ կորել են, և ըստ ենթադրությունների՝ առնվազն 23 մարդ է զոհվել ԱՄՆ-ի արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։
Նշվում է, որ հարյուրավոր հրշեջներ պայքարում են երկու խոշոր անտառային հրդեհների դեմ։ Նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն Էնդրյու Ֆելփսը հայտարարել է, որ «մահվան զանգվածային դեպքերն անխուսափելի են»՝ հավելելով, որ հրդեհները հողին են հավասարեցրել հազարավոր շենքեր:
Նահանգի իշխանությունները 19 ժամանակավոր ապաստարան են հիմնել հրդեհներից տուժած մարդկանց համար:
Պատմական հրդեհները մոլեգնում են ԱՄՆ արևմուտքում։ Առավել տուժած նահանգներում՝ Կալիֆոռնիայում, Օրեգոնում և Վաշինգտոնում անտառային հրդեհները ոչնչացրել են ռեկորդային մակերեսով տարածքներ։



















