«Նույնիսկ չգիտեմ՝ արդյո՞ք կապիկ ասելու իրավունք ունենք». Սարկոզին հայտնվել է ռասիստական սկանդալի կիզակետում

12:29 • 12.09.20

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնվել է ռասիզմին առնչվող սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հարցրել է՝ արդյոք մարդկանց կապիկ անվանելն ընդունելի է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ամեն ինչ սկսվել է նրանից, որ 65-ամյա Սարկոզին Daily TV-ի եթերում քննարկման ժամանակ ասել է, որ «նեգր» բառի գործածությունը պետք է թույլատրելի լինի:

Նախկին նախագահին առանձնապես տխրեցրել է այն հանգամանքը, որ անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սևամորթները» դետեկտիվ վեպի անվանումը փոփոխության է ենթարկվել. այժմ Ֆրանսիայում գիրքը կվաճառվի «Նրանք տասն էին» վերնագրով:

«Սա իրենց քիթը վեր ցցող էլիտաների կամքն է: Նրանք նման են կապիկների, որոնք ոչ ոքի չեն լսում: Ես նույնիսկ չգիտեմ՝ արդյո՞ք մենք կապիկ ասելու իրավունք ունենք: Ի՞նչ ենք մենք հիմա ասում՝ տասը փոքրիկ զինվորնե՞րը. սա՞ է հասարակության առաջընթացը: Միգուցե մենք կապիկ ասելու իրավունք ունենք, բայց առանց որևէ մեկին վիրավորելու»,-ասել է Սարկոզին:

Այս ելույթից հետո նախկին նախագահին մեղադրել են ռասիզմի համար: