Բրազիլիայի նախագահը հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակ տանելու մասին
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ երկիրը գրեթե հաղթանակ է տարել նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի նկատմամբ, գրում է ՏԱՍՍ-ը՝ բրազիլական O Globo պարբերականին հղումով:
«Մենք գրեթե հաղթանակ ենք տարել համավարակի նկատմամբ: Կառավարությունն ամեն ինչ արել է դրա բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար»,-ասել է երկրի ղեկավարը:
Բոլսոնարուն հիշեցրել է բնակչությանը տրամադրված ֆինասնական օգնության մասին, որը ստացել է մոտ 65 մլն մարդ:
Բրազիլիայում վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:
Բրազիլիան եզրափակում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ թվով երկրների եռյակը: Երկրում գրանցվել է վարակման 4 238 446 դեպք, որից 129 522-ը՝ մահվան ելքով: Բրազիլիան մահվան ցուցանիշով աշխարհում երկրորդն է ու զիջում է միայն ԱՄՆ-ին:










