«Նա գլուխը թաղել է ավազների մեջ»․ Լոս Անջելեսի քաղաքապետը Թրամփին քննադատել է անտառային հրդեհներին համարժեք չարձագանքելու համար (լուսանկարներ)
Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի քաղաքապետ Էրիկ Գարսետին նախօրեին քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ արևմտյան նահանգներում մոլեգնող անտառային հրդեհների վերաբերյալ իր դիտողություններն անտեղի են, գրում է Insider-ը։
«Նա կգա այստեղ և, հավանաբար, կասի.«Ես պատրաստվում եմ ձեզ փոցխ ուղարկել լրացուցիչ օգնության փոխարեն»։ Մեզ իրական օգնություն է պետք»,- ասել է նա։
Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ ամիս Թրամփը հայտարարել էր, որ անտառային հրդեհները կարելի է կանխել «անտառօգտագործման մարտավարության» միջոցով, ինչպիսիք են՝ աղբահանությունը և մաքրումը: Թրամփն այդ հայտարարությունը վերստին կրկնել է Նևադայում շաբաթ երեկոյան կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Լոս Անջելեսի քաղաքապետը անտառային հրդեհները վերագրել է «երաշտի տարիներին» և «կլիմայական փոփոխությանը»։
«Նրա վարչակազմը գլուխը թաղել է ավազների մեջ»,- ասել է Գարսետին՝ վկայակոչելով կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու և կլիմայական փոփոխության գլոբալ հետևանքները նվազեցնելու Սպիտակ տան որոշումը:
«Խոսեք հրշեջների հետ, եթե կարծում եք, որ կլիմայական փոփոխությունն իրական չէ»,- հավելել է Գարսետին:
Նշենք, որ ԱՄՆ արևմտյան նահանգներում նվազագույնը 28 մարդ է մահացել վերջին շաբաթներին մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Ամենամեծ թվով զոհեր եղել են Կալիֆոռնիա նահանգում․ հրդեհը խլել է 19 մարդու կյանք։
Շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կուղևորվի Կալիֆոռնիա, որտեղ կլսի տեղի իշխանությունների՝ անտառային հրդեհների հետ կապված զեկույցը:














