«Հագուստի և կոշիկի մաքսազերծումը լինելու է հատով, սահմանվել են նոր գներ, հիմա գնում ենք ՊԵԿ՝ պարզելու՝ մեզ հարմա՞ր է». տնտեսվարողները հանդիպեցին Կառավարության ներկայացուցչի հետ (տեսանյութ)

11:56 • 14.09.20

13։50

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպեցին Կառավարության ներկայացուցիչների և վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ: Հանդիպմանը ներկա գտնվածներից մեկը լրագրողներին ներկայացրեց, որ հանդիպման ժամանակ ստացել են պատասխան այն մասին, որ ՊԵԿ-ում կրկին քննարկում է տեղի ունենում, որովհետև որոշումը մեկ օրվա բան չէ:

«Հնարավորինս անելու են այն, որ բոլորի համար լավ լինի, որ թանկացում չլինի: Ես հիմա գնում եմ ՊԵԿ՝ իմ ապրանքը մաքսազերծելու, գինը նայելու եմ, եթե կարգավորված է և բոլորի ապրանքներում էլ գինն էականորեն չի թանկացել, կամ հակառակը՝ բարձրացել է, ապա պետք է այդ մասին բարձրաձայնենք»,-ասաց նա և հավելեց, որ քննարկման ժամանակ որոշվել է, որ մաքսազերծումն իրականացվի հատով, որը գնի մեջ մեծ փոփոխություն չի տա:

 

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսային օրենքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մաքսատուրքերի բարձրացումը կնպաստի ապրանքի բարձրացմանը, որին նաև հասարակությունը պատրաստ չէ:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Կառավարությունից ավելի հստակ պատասխան են ուզում: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի նախագահը օրինակ էր բերել, թե կան խանութներ, որտեղ մեկ վերնաշապիկը 30 հազար դրամ է, և մի քանի տոկոսով ապրանքի բարձրացումն էական տարբերություն չի տա, սակայն, ըստ վաճառողի, ոչ բոլորն են դրան պատրաստ, քանի որ եթե որոշել են տոնավաճառներից օգտվել և այնտեղից հագուստ գնել, ապա նույնիսկ 500 դրամով գնի բարձրացումն էական տարբերություն է տալու:

«Մեզ ասել են, որ այս ընթացքում պետք է մեզ պատասխան տան, բայց այդ պատասխանը դեռ չկա: Մենք Կառավարության դեմ ոչինչ չունենք, մեզ պետք է, որ մեր ընտանիքներին պահենք»,- ասաց նա և հավելեց, որ նման որոշումներ եղել են նաև նախկին Կառավարության ժամանակ, սակայն քննարկումների արդյունքում խնդիրը լուծվել է և նման ալիք, որ հիմա է բարձրացել, չի եղել:  «Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես որպես քաղաքացի խնդրում եմ Ձեզ, որ խնդրին լուծում տաք, բերեք նախկին դիրքին, կամ մի քիչ էլ ցածր գնի հասցրեք, որ մենք աշխատենք ու մեր ընտանիքներին կարողանանք պահել»:

Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք իրենց ապրանքը պահեստում են դրել, քանի որ չի վաճառվում և չեն էլ կարող նախկին գնից երեք անգամ թանկ վաճառել, և ընդունված օրենքը չի աշխատի:

Անհատ ձեռնարկատերերից  մեկը Կառավարության ներկայացուցիչների հետ է զրուցել, որոնք էլ նրան ասել են, որ խնդրի մասին քննարկում է իրականացվում և լուծման մասին տեղյակ կպահեն: