Oruç Reis հետախուզական նավը կշարունակի իր գործունեությունը Միջերկրական ծովում. Թուրքիա

09:46 • 14.09.20

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին Միջերկրական ծովի վիճելի տարածքները լքած թուրքական Oruç Reis հետախուզական նավը տեխնիկական սպասարկում ստանալուց հետո շարունակելու է իր սեյսմիկ հետախուզական աշխատանքները ծովում: Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Նախարարությունում հիշեցրել են, որ նավն իր աշխատանքները Միջերկրական ծովում սկսել է օգոստոսի 10-ին:

Նախարարության հայտարարության մեջ նշվել է նաև, որ այս նավի շնորհիվ Թուրքիան բազմաթիվ սեյսմիկ տվյալներ է ստացել և որ այն վերադարձել է նավահանգիստ ամենամսյա տեխնիկական սպասարկում ստանալու համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքական Oruç Reis հետախուզական նավը լքել է Միջերկրական ծովի վիճելի տարածքը: Հունաստանի կառավարության խոսնակ Ստելիոս Պեցասը կատարված քայլը որակել էր որպես «դրական ազդակ»:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո: