1 օրում՝ ավելի քան 307 000 դեպք. ԱՀԿ-ն արձանագրել է աշխարհում համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական ամենաբարձր ցուցանիշը
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 28,6 միլիոնը․ վերջին 24 ժամվա ընթացքում վարակման դեպքերի թիվն ավելացել է գրեթե 308 000-ով, ինչը համավարակի սկզբից գրանցված օրական ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կիրակի հրապարակված տվյալների համաձայն՝ մահվան ելքով դեպքերի թիվը նախօրեին ավելացել է 5,6 հազարով և ընդհանուր գերազանցել է 917 հազարը։
Աղբյուրը մանրամասնում է, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 28 637 952 և դրա հետևանքով մահվան 917 417 դեպք։ Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 307 930-ով, մահվան ելքով դեպքերի թիվը՝ 5 537-ով։
Նշվում է, որ ԱՀԿ վիճակագրությունը կազմվում է միայն կառավարությունների կողմից վարակակիրների և մահվան դեպքերի մասին հաստատված տեղեկությունների հիման վրա։
Հայտնի է, որ վարակակիրների թվով Հյուսիսային և Հարավային Ամերիկան աշխարհում առաջատար է։ Այստեղ համավարակի սկիզբից գրանցվել է 14 699 174 վարակման դեպք, որից 132 464-ը՝ միայն նախօրեին է հայտնաբերվել։ Կորոնավիրուսի զոհերի թիվն այստեղ նախօրեին ավելացել է 3 308-ով և ընդհանուր հասել է 508 705-ի։
Հարավարևելյան Ասիայի շրջանում հաստատվել է 5 377 062 վարակակիր և 92 391 մահվան ելքով դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում այստեղ գրանցվել է 1 270 մահ, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 101 119-ի։
Աշխարհում վարակման դեպքերի թվով երրորդ տեղը զբաղեցնում է եվրոպական տարածաշրջանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 4 796 426-ի, գրանցվել է 225 494 մահ: Մեկ օրվա ընթացքում վարակման դեպքերի թիվն ավելացել է 48 921-ով, մահվան դեպքերինը՝ 367-ով:
Վարակակիրների թվով աշխարհում շարունակում է առաջատար մնալ ԱՄՆ-ն (6 386 832): Դրան հաջորդում են Հնդկաստանը (4 754 356), Բրազիլիան (4 282 164), Ռուսաստանը (1 062 811), Պերուն (716 670), Կոլումբիան (702 088), Մեքսիկան (658 299) ), Հարավային Աֆրիկա (648,214), Իսպանիա (566,326) և Արգենտինա (535,705):










