«Խորապես վիրավորված եմ, քաղաքական որոշում էր». Ջիվան Ավետիսյանը՝ Մոսկվայի միջագային կինոփառատոնում ԼՂ պատերազմի թեմայով իր ֆիլմի ցուցադրության չեղարկման մասին
Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից անմիջապես հետո Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որը 1990-ական թվականներին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասին է. rbc.ru կայքին ֆիլմի ցուցադրության չեղարկման մասին իր կարծիքն է հայտնել հենց ռեժիսորը:
«Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմի հեղինակի խոսքով՝ ցուցադրությունը չեղարկվել է մարտական գործողությունների վերսկսման լուրը հայտնի դառնալուն պես:
«Անկեղծ կլինեմ՝ դա խորապես վիրավորել է ինձ որպես մարդ և որպես ֆիլմի հեղինակ: Իմ կարծիքով՝ որքան էլ մեծ լինի քաղաքական ազդեցությունը, փառատոնները երբեք չպետք է ենթարկվեն դրան: Հակառակ դեպքում կինոփառատոները կդադարեն արվեստը հասարակությանը ներկայացնելու լավագույն օղակը լինել: Խորապես ցավում եմ նման որոշման համար»,- հայտարարել է ռեժիսորը:
Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Ռազմական գործողությունների սրման ֆոնին որոշվեց Մոսկվայում Արցախի շուրջ հայերի և ադրբեջանցիների բախումներից խուսափելու համար հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից՝ չնայած որ կինոնկարը լավն էր»,- նշել է փառատոնի ծրագրային տնօրեն Կիրիլ Ռազլոգովը:
Ավետիսյանի խոսքով՝ ցուցադրության չեղարկումը քաղաքական որոշում է.
«Բնականաբար, սա միայն պարոն Ռազլոգովի որոշումը չէ, իհարկե, այն ընդունվել է ամենաբարձր մակարդակով: Սա շատ տխուր ու ցավալի է ինչպես ինձ համար որպես կինոգործչի, այնպես էլ արտասահմանյան արտադրողների ու միջազգային թիմի համար»,- նշել է ֆիլմի ստեղծողը:
Նրա խոսքով՝ ընտրող հանձնաժողովը հետաքրքրված է եղել ֆիլմով, և սկզբում հենց այս կինոնկարն է ընտրվել է արտամրցութային պաշտոնական ծրագրում ցուցադրվելու համար (ինչի մասին նշված է եղել պաշտոնական հրավերի մեջ): Ավետիսյանը նշել է, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրումը չեղյալ հայտարարելու մասին նամակը ստացել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առաջին իսկ օրը`սեպտեմբերի 27-ին:










