Բաքուն Թեհրանից ներողություն է խնդրել Իրանի տարածքում ընկած արկերի ու հրթիռների համար

17:40 • 07.10.20

Իրանի սահմանապահ զորքերի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզաեին հայտնել է, որ սահմանային գոտում հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, որոնք ներողություն են խնդրել ԼՂ հակամարտության գոտում կրակի արձակման հետևանքով արկերի և հրթիռների՝ Իրանի տարածքում ընկելու առնչությամբ, գրում է en.mehrnews.com կայքը: 

«Ապրում ենք մի տարածաշրջանում, որում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն կա. հույս ունենք, որ սա շուտով կավարտվի, և երկու երկրների ժողովուրդները կրկին կհանդարտվեն: Հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մթնոլորտ կհաստատվի»,- նշել է նա և հավելել, որ հակամարտող երկու կողմն էլ զգուշացումից հետո ընդունել է իր սխալը: 

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ԼՂ հակամարտության գոտում պատերազմող կողմերին զգուշացրել էր, որ կտրուկ քայլեր է ձեռնարկելու, եթե հրետակոծության ժամանակ արձակվող արկերը կրկին հայտնվեն Իրանի տարածքում: 

Լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում գեներալը նշել է, որ Իրանի զինված ուժերի համար երկրի սահմանային անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի և հավելել, որ Հայաստանին ու Ադրբեջանին արդեն այս առնչությամբ «լուրջ զգուշացումներ» են տրվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի 28-ին երկու ադրբեջանական հրթիռներ ընկել են Իրանի տարածքում, մասնավորապես՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդաֆերին գավառի շրջանում: Դրա հետևանքով վիրավորում է ստացել վեցամյա երեխա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։