Ուզում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը. նվիրատվություններ պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Արծրուն Հովհաննիսյանի կոչը՝ 10 մլն հայերին (տեսանյութ)
Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը, մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ: Մենք, ի տարբերություն թշնամու, չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում, ունենք սփյուռք»,-շարունակեց նա՝ նշելով, թե իր կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի:
«Ուզում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա: Ուզում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատը ու մղի իր պայքարը»,-նշեց նա:
Հովհաննիսյանն ասաց, թե ամեն օր հարյուրավոր-հազարավոր նամակներ է ստանում արտերկրի հայրենակիցներից, որոնք հարցնում են, թե ինչպես կարող են օգնել:
«Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ himnadram.org և ԱՄՆ տարածքից՝ armeniafund.org կայքի միջոցով: Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն իր նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ: Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է, և ես վստահ եմ, որ դուք այն ամեն րոպե ավելի եք ամրացնելու: Ամենքս դեպի մեր խրամատը՝ ի գործ»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:










