Ադրբեջանական իշխանություններն այնքան սրբապիղծ են, որ չեն խորշում ոչ միայն քաղաքացիական անձանց ու շինությունները, այլ նաև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները թիրախավորելուց․ Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական իշխանությունները այնքան սրբապիղծ են, որ չեն խորշում ոչ միայն քաղաքացիական անձանց ու շինություններին, այլ նաև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները դաժանորեն թիրախավորելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը գերճշգրիտ հրթիռով հարվածեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: Սրանց ի՞նչ ասես»,-գրել է Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։












