Արցախի ճանաչումն «Իսկանդերը» չի, որ ասում են՝ դա մեր վերջին փամփուշտն է. նոր պատերազմը բացառելու միակ տարբերակն Արցախի ճանաչումն է. Սուրեն Զոլյան (տեսանյութ)
Եթե բանակցություններ են սկսվում, ուրեմն Ադրբեջանի գործերը լավ չեն, նրանք ինքնուրույն ի վիճակի չեն որևէ հարց լուծելու, քանի որ երբ նրանց գործերը լավ են, հրաժարվում են բանակցելուց՝ պնդելով, թե Արցախի հարցն իրենց ներքին գործն է. մեր դիվանագետները պետք է օրինակ վերցնեն մեր զինվորականներից և պայքար մղեն իրենց ճակատում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ, ՀՀ Գերագույն խորհրդի «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ Սուրեն Զոլյանը:
«Շուշիի մշակույթի կենտրոնի հրետակոծման ռազմական նշանակությունը ո՞րն է: Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի: Մենք չենք կարող նախկին օրակարգով առաջ շարժվել, Հայաստանը պետք է ոչ թե սպասի, թե միջնորդներն ինչ առաջարկ կանեն, այլ սեփական օրակարգ թելադրի: Զինադադարը չպետք է լինի ինքնանպատակ, եթե վաղը նոր պատերազմ է սկսվելու, թշնամին այդ ընթացքում կարող է նոր ուժեր կուտակել»,- ասել է քաղաքագետը:
Ըստ Զոլյանի՝ Արցախն այսուհետ պետք է լիարժեք մասնակցի բանակցություններին, դա պետք է լինի Հայաստանի նախապայմանը՝ ամրագրված մեր ԱԺ-ի և ԱԳՆ-ի հատուկ որոշմամբ. «Արցախի ճանաչումն «Իսկանդերը» չի, որ ասում են՝ դա մեր վերջին փամփուշտն է: Նոր պատերազմը բացառելու միակ երաշխիքն Արցախի միջազգային ճանաչումն է: 1991-92 թթ.-ին երկու անգամ Գերագույն խորհրդում այդ հարցը քննարկվել է, նախագահ Տեր-Պետրոսյանը երկու դեպքում էլ խնդրել է առկախել այդ գործընթացը: Մինչդեռ 1993-ին Հունաստանը պատրաստ էր ճանաչել Արցախի անկախությունը»:
Նախկին պատգամավորի կարծիքով՝ հիմա ճիշտ պահն է Արցախը ճանաչելու, քանի որ արդեն բանակցություններ սկսելու դեպքում այդ քայլը դեմարշ կլինի միջազգային հանրության դեմ. «Մենք պետք է միջազգային իրավունքն Ադրբեջանի դեմ օգտագործենք, օրինակ՝ վկայակոչենք Հաագայի տրիբունալի որոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ: ՄԻԵԴ-ը կարևոր որոշում է կայացրել՝ Թուրքիային ճանաչելով այս հակամարտության կողմ, և միջանկյալ միջոց է կիրառել նրա նկատմամբ: Այս բոլոր փաստաթղթերը ձնագնդի պես կուտակվում են, և պահն օգտագործելով՝ պետք է աշխարհին ցույց տալ Թուրքիայի և Ադրբեջանի լկտիությունը»:
Սուրեն Զոլյանի պնդմամբ՝ Արցախի ճանաչումը կկասեցնի հետագա ագրեսիան, քանի որ եթե Արցախը ճանաչված չէ, Ադրբեջանը միշտ կարող է արդարացնել իր արկածախնդրությունը հենց այդ հանգամանքով. «Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը ճանաչելով՝ իրեն իրավունք վերապահեց սեփական զորքերը տեղակայելու այնտեղ: Նույնը կլինի Հայաստանի դեպքում, քանի որ առայսօր մեզ հարցնում են՝ Արցախում կա՞ հայկական կանոնավոր բանակ»:
Քաղաքագետի պնդմամբ՝ հրադադարի հայտարարումը վերջնական քայլ չէ, մարտերը դրանից հետո էլ են ընթանալու, փոխարենը մեզ պետք է երաշխիքներ տրվեն, որ Ադրբեջանը հետևելու է հրադադարի պայմաններին: «Խաղաղապահների թեզն առաջ մղելու փոխարեն՝ պետք է ուժեղացնել մշտադիտարկման զինանոցը, ավելացնել դիտորդների թիվը: 1994-ի հրադադարը քաղաքական և ռազմատեխնիկական առումով որևէ բան չտվեց, որևէ նորմ չպահպանվեց: Ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական ճակատում պետք է առաջ գնանք և փաստի առաջ կանգնեցնենք թշնամուն»,- ամփոփել է քաղաքագետը:
Դավիթ Սարգսյան










