Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր հակատանկային ստորաբաժանումները․ ՊՆ խոսնակը զինծառայողների սխրագործություններից դրվագներ է ներկայացրել

13:40 • 08.10.20

Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր հակատանկային ստորաբաժանումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Այսպես, N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները:

Մասնավորապես.

Հակատանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Նորիկի Գրիգորյանը ոչնչացրել է հակառակորդի 1 հրամանատարական կետ և խոցել է 1 տանկ:

Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Արմեն Ստեփանի Սիմոնյանը խոցել է 1 ուղղաթիռ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:

Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Սիմոն Հովհաննեսի Թորոյանը խոցել է 2 տանկ, 1 ՀՄՄ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:

Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Գարեգին Նորայրի Թորոսյանը խոցել է 6 տանկ, 1 ՏՕՍ-1 հրանետ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, 4 ապաստարան:

Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լևոն Արթուրի Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող:

Հակատանկային մարտկոցի մեքենայի հրամանատար-օպերատոր, ավագ սերժանտ Միսակ Համլետի Պետրոսյանը խոցել է հակառակորդի 1 տանկ»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։