Ինչու Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային մասնակցել ԼՂ հարցով բանակցություններին. Репортер
Թուրքիան սկսում է ավելի մեծ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով Անկարան պետք է պարտադիր մասնակցի Հարավային Կովկասում հետագա խաղաղ գործընթացին: Սակայն արդյո՞ք դա ձեռնտու է Ռուսաստանին, գրում է Репортер-ը:
Ադրբեջանն առաջարկում է դուրս բերել հայկական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի տարածքից, ինչն անընդունելի է Երևանի համար: Երեքշաբթի ԼՂ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԼՂՀ պահանջը՝ ընդգրկել Արցախը բանակցությունների գործընթացում որպես 3-րդ կողմ, ինչպես նաև նշել է այն մասին, որ ԼՂ-ն երբեք հրադադար չի խնդրի: Դա կնշանակի պատերազմի շարունակում:
ԼՂ-ում ռազմական գործողությունների հետագա զարգացման դեպքում այնտեղից հնարավոր է փախստականների նոր հոսք դեպի հայկական տարածք, ինչը դաշնակից Ռուսաստանի համար կարող է մարդասիրական աղետ դառնալ:
«Աշխարհաքաղաքական առումով նման դասավորվածությունը Ռուսաստանի համար շահավետ չէ: Եթե նունիսկ Երևանը համաձայնի ռուս խաղաղապահների մուտքին հակամարտության գոտի, Բաքուն, աջակցելով Անկարային, կառաջարկի նաև թուրքական կապույտ սաղավարտների ներկայությունը»,- նշել է պահեստային գնդապետ, ռազմական փորձագետ Շամիլ Գարևը:
Իր ազդեցության տարածքներն ընդլայնող Թուրքիան ձգտում է նոր Օսմանական կայսրություն կառուցել, և եթե թուրքերը մասնակցեն ԼՂ հարցով բանակցություններին, դա կդառնա ևս մեկ հիմնաքար այդ կայսրության համար: Իրավիճակի նման զարգացմանը կփորձեն խանգարել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև մյուս երկրները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3710-3730 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










