«Արդեն հարվածում են Շուշիին». Комсомольская правда-ի անդրադարձը (լուսանկարներ)
«ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը հոկտեմբերի 7-ի գիշերը ցնցվում էր: Հզոր պայթյունները հնչում էին ժամը մեկ հաճախականությամբ, իսկ դրանց արանքում ոռնում էր օդային տագնապի ազդանշանը: Առավոտյան կողմ կրակոցները մի փոքր լռեցին, և լրագրողները, հագնելով զրահաբաճկոններ և սաղավարտներ, մեկնեցին նոր ավերածությունները գրանցելու»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցը:
Դեպի հարվածների վայր ճանապարհին նրանք նկատում են կասետային զինատեսակի չպայթած մասեր և կանգ առնում մի քանի լուսանկար անելու համար: Անսպասելի սղոցող ձայնը երկնքում լրագրողներին ստիպում է թողնել լուսանկարումն և վազել փողոցում՝ ապաստարան որոնելով:
Րոպե անց երկնքում լսվում են պայթյուններ, դրանք ԼՂ ՀՕՊ աշխատանքներն էին երկնքում: Եվս մի քանի րոպե անց քաղաքը ցնցվում է մի քանի նոր ուժգին պայթյուններից: Քաղաքի հրետակոծումը շարունակվում էր:
«Անօդաչուի տզզոցն ուժգնանում էր վախեցնող ուժով, կարծես այն հարձակման ուղղություն էր բռնում»,-գրում է թերթի թղթակիցը:
Օգտվելով դադարից՝ լրագրողները հասնում են քաղաք Շուշի: Գիշերը պայթյուններ էին լսվել նաև այդ կողմում: Առավոտյան պարզվել է, որ գնդակոծությունների հետևանքով այնտեղ 15 մարդ է մահացել:
Շուշին հնագույն քաղաք-ամրոց է, որը գտնվում է առևտրային ճանապարհների խաչմերուկում: 
«Բնակիչներն այստեղ եղել են հարուստ և կրթված: 1918-ին քաղաքում եղել է 7 թատրոն և 14 ռուսալեզու թերթ: Այն ունեցել է մայրաքաղաքի կարգավիճակ, սակայն խորհրդային իշխանության ժամանակ ինքնավար ԼՂ-ի կենտրոնը որոշել են տեղակայել ներքևում. այն այժմ կոչվում է Ստեփանակերտ: Իսկ Շուշին վերածվել է քաղաք-թանգարանի՝ հիանալի տեսարանով դեպի նոր մայրաքաղաք:Զբոսաշրջիկներ այժմ այստեղ իհարկե չկան: Մարդիկ լուսանկարում են մշակույթի տունը, որից գրեթե ոչինչ չի մնացել: Նրա կողքին ասֆալտի մեջ երևում է «Սմերչ» զինատեսակից արձակված հրթիռի պոչը: Սակայն հենց շենքը, պարզ է, որ քանդվել է ավելի հզոր պայթյունից: Զինվորականները կարծում են, որ դա եղել է իսրայելական արտադրության «Լորա» հրթիռային համակարգ: Մշակույթի տան նկուղում քաղաքացիներ էին թաքնվում: Շենքի տանիքը չի դիմացել հարվածին և փլվել է: Մահացել է մի քանի մարդ, ողջ մնացածներին հանել են՝ շինարարական կռունկի օգնությամբ ավերակները մաքրելով»,-եզրափակում է թղթակիցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










