ԼՂ հակամարտության գոտում կարող են ուկրաինացի վարձկաններ հայտնվել. լրատվամիջոցներ

11:10 • 08.10.20

Ռուսական Независимая Газета պարբերականն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին: Աղբյուրը, հիմնվելով «սեփական աղբյուրների» վրա, գրում է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մերձարևելյան վարձկանների ևս մի խումբ է ոչնչացրել:

Միևնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ 1500-2000 դոլար հոնորարի դիմաց որպես ադրբեջանական ուժերին օգնություն հակամարտության գոտի են պատրաստվում մեկնել ուկրաինացի կամավորներ: 

Կիևից անկախ լրագրող Օլեգ Պավլենկոն հայտարարել է, որ իր աղբյուրներից երկուսը հերքել են այս տեղեկությունը, մինչդեռ երեքը նշել են, որ «լսել են նման բան»:

«Գումարի մասին չգիտեմ, բայց հարյուր տոկոսով հաստատ է, որ նման առաջարկություններ շրջանառվում են ուկրաինական «հակաահաբեկչական դաշինքի» վետերանների շրջանում: Համենայնդեպս, Լվովում ապրող ծանոթներիցս մի քանիսին արել են նման առաջարկություն: Ընդորում՝ նման առաջարկ է արել Լվովի Շևչենկովո շրջանի զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը»,- ծանոթներից մեկի խոսքերն է մեջբերում Պավլենկոն: 

Հատկանշական է, որ ուկրաինացի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը ПолитНавигатор-ի վելուծաբան Վալենտին Ֆիլիպովին տված հարցազրույցում ևս նշել է, որ իր ունեցած տեղեկություններով`Ուկրաինայից Ադրբեջան ուղարկելու համար խումբ է ձևավորվում:

«Կիևից ինձ հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այժմ աշխատանքներ են տարվում, և Ուկրաինայից Ադրբեջան ուղարկելու համար խումբ է ձևավորվում: Նման աշխատանք է տարվում: Տեսնենք՝ միայն խոսակցություններ կլինեն, թե ոչ: Տեսել ենք՝ մեր «ուռա-հայրենասերները» պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ, սակայն ոչ թե ուղղակի կերպով, այլ մասնակցելով այլ լոկալ հակամարտությունների: Ուկրաինացի «հայրենասերները» կռվել են Չեչնիայում, ուստի՝ բացառված չէ, որ Ադրբեջանին կմիանան»,-ասել է Ցարյովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3710-3730 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։