Ինչպես Թուրքիան Ադրբեջանին դրդեց Հայաստանի դեմ պատերազմի․ The Jerusalem Post

15:04 • 14.10.20

Օրեցօր աճում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու գործում Թուրքիայի դերի մասին վկայությունների թիվը։ Անկարայի կողմից հայերի դեմ պատերազմելու համար Սիրիայից ուղարկված վարձկանների նոր տեսագրությունների ի հայտ գալուն զուգընթաց պարզ է դառնում, որ նրանք ծրագրեր էին մշակում դեռևս ամիսներ առաջ, գրում է The Jerusalem Post-ը։

«Հետադարձ հայացք նետելով՝ կարելի է նկատել Անկարայում պատերազմի ծրագրման ակնարկները»,- գրում է հոդվածագիր Սեթ Ֆրանցմանը՝ նշելով, որ արդեն սեպտեմբերի 25-ին Անկարան հրամայել է իր իշխանամետ լրատվամիջոցներին ռեպորտաժներ թողարկել Հայաստանում ՔԱԿ-ի սպառնալիքների մասին։

«Թուրքիան լրագրողների խոշորագույն բանտապահն է, այդ պատճառով ոչ մի քննադատական լրատվամիջոց չի եղել, որոնք կարող էին հակազդել այդ պետական պատմությանը»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ փաստորեն սեպտեմբերի 25-ից Անկարան հող էր նախապատրաստում պատերազմ սկսելու համար։

Ինչպես նշում է հոդվածագիրը, Անկարայի մեդիան այս օրերին նույնպես լծվել է կեղծ լուրեր տարածելու գործին՝ «պատերազմը վերագրելով Թուրքիայի դեմ ահաբեկչական փորձ»։

Բացի այդ, Nordic Monitor-ի տվյալներով՝ Բաքուն և Անկարան վերջին տարիներին խորացրել են պաշտպանական կապերը և ինչպես հայտնի է, պատերազմից առաջ համատեղ զորավարժություններ են անցկացրել հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը:

Բերելով թուրք-ադրբեջանական տանդեմի նախապես ծրագրավորած պատերազմի ևս մեկ օրինակ, հոդվածագիրը նշում է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան վերսկսկված ռազմական գործողույթուններին գրեթե անմիջապես հետևել է Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի՝ Ադրբեջանին սատարող հայտարարությունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։