Իտալիայի ԱԳ նախարարը Լավրովին շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար

16:41 • 14.10.20

Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերի համար, գրում է ria.ru-ն։

«Ինչպես ասաց Սերգեյ Լավրովը, մենք խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ջանքերի համար, որոնք նա ներդրել է այս բարդ իրավիճակում ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու համար։ Մենք մտահոգված ենք էսկալացիայի ռիսկի և քաղաքացիական զոհերի թվի առնչությամբ և շնորհակալ ենք առաջընթացի համար, որը ձեռք է բերվել Ռուսաստանի օգնությամբ»,- ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։