Եթե կարողացանք դիմագրավվել թշնամուն, ապա մեզ կօգնեն. փորձը ցույց է տվել, որ օգնում են միայն նրան, ով կարողանում է իրապես համախմբվել. Նարինե Դիլբարյան

18:22 • 14.10.20

Իրականում մեր թշնամին միայն Ադրբեջանը չէ, այլ նաև ՆԱՏՕ-ի անդամ, թերևս զորության գագաթին կանգնած Թուրքիան է, որը նաև ակտիվ վարձկանների է ներգրավվում, այս հակամարտության մեջ. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը` անդրադառնալով վարչապետ Ն. Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ հայկական կողմը հյուսիս-հարավ ուղղություններով որոշակի նահանջ է ունեցել, թեև ընդհանուր վիճակը Արցախի բանակը վերհսկողության տակ է պահում, սակայն ստեղծվել է ծանր իրավիճակ:

«Ակնհայտ է, իրականությունը այն է, որ մի նոր Սարդարապատ է հասունանում և մենք պետք է կարողանանք կասեցնել այդ հարձակումները և եթե մենք կասեցնենք այդ հարձակումները, ապա դա կլինի բեկում և դրանից հետո դրական ելքի հնարավորություն կստեղծվի»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է դաշնակցային հարաբերություններին, Նարինե Դիլբարյանը նշում է, որ, ցավով և սարսափով է տեսնում, որ բոլոր պետությունները ցանկանում են լուծել իրենց ռազմավարական խնդիրները, բայց այս պահին ռազմավարական խնդիրների լուծումը հեռու է հումանիտար աղետը կանխելուց:

«Խոսվում է սահմանում խաղաղարարների տեղակայման հնարավորությունների մասին, բայց ցավոք, հստակութուն ևս չկա, մենք գիտենք, որ խաղաղարարները լինում են երկու տեսակ, լինում են կամ խաղաղությունը պահող, կամ խաղաղությունը՝ ուժով ապահովվող: Ողջ խնդիրը այն է, թե ո՞ր հատվածում են պահելու այդ խաղաղությունը և ինչպե՞ս են պահելու: Պարբերաբար երկու կողմերին ուղղված կեղծ կոչեր են հնչում՝ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց ինչպե՞ս կարող է այդ տարածքի ժողովուրդը, որի կյանքի իրավունքը և անվտանգությունը վտանգված է ցած դնի զենքը: Եթե նա ցած դնի զենքը, ինքը պարզապես ցեղասպանության կենթարկվի: Ուստի պետք է հասկանալ, այդ խաղաղություն բերող ուժերը ի՞նչ են ամրագրելու»,- ասաց նա:

Նարինե Դիլբարյանն ընդգծում է՝ փորձը ցույց է տվել, որ խաղաղարարները միշտ գալիս են, երբ բոլոր հարցերը լուծված են լինում: Դիտարկմանը, թե լուծման ի՞նչ ուղիներ պետք է փնտրել, արդյո՞ք միայն մեր ռեսուրսներով պայքարելով կարո՞ղ ենք խնդրի լուծում տալ, Նարինե Դիլբարյանը պատասխանեց, որ իր կարծիքով, երբ պետական միավորը հույսը դնում է իր ռեսուրսի  վրա և գործում է շատ կազմակերպված, արդյունքը տեսանելի է լինում, չպետք է մոռանալ նաև, որ ունենք հայկական մեծ սփյուռք:  

«Նայում եմ, թե ինչպես այս օրերին սփյուռքի 100-150 հազար հայեր դուրս էին եկել փողոց և ակցիաներ իրականացնում, եթե այդքան հայերի գոնե մի փոքր մասը վերադառնար Հայաստան, ապա մենք կկարողանանք դիմագրավել, եթե կարողացանք դիմագրավվել, ապա մեզ կօգնեն: Փորձը ցույց է տվել, որ օգնում են միայն նրան, ով կարողանում է իրապես համախմբվել, ունենալ ծրագիր և դիմակայել»:

Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման գործընթացին՝ Նարինե Դիլբարյանը նշեց, թե կարծում է, որ այս փուլում պետք է սահմանները պահել, որից հետո ջանքեր գործադրվեն, այդ ուղղությամբ:  Նա Կոսովոյի օրինակով նշեց, որ այն ժամանակ եվրոպական դիվանագիտության խնդիրն էր պատժել Սերբիային՝ որպես ռուսամետ ուժի, և միայն Սերբիային պատժելու համար նրանք ճանաչեցին Կոսովոն, թույլ տվեցին, որ Կոսովոյի բնակչությունն ինքնորոշվի և հետո այդպիսի խանդավառությամբ ճանաչեցին:

«Սակայն հիմա 21-րդ դարն է, հումանիտար և մարդու իրավունքի, ուժի կիրառումը բացառելու դարն է, խոսում ենք ՄԱԿ-ի որոշումների մասին, ի՞նչ է, այդ որոշումները կիրառվում են միայն ինչ-որ մեկի դե՞մ: Պետք է հասկանալ, որ Հարավային Կովկասն ինքնուրույն տարածք է, եթե  Հարավային Կովկասում այսօր իրենք ուզում են ինչ-որ մեկին պատժել, պատժում են, որովհետև չմիջամտելու պարագայում, այդ ահաբեկչությունը և ծավալապաշտությունը, ուժի միջոցով հարցերը լուծելու սկզբունքըն դառնալու են գերակա և՛ Եվրոպայի տարածքում, և՛ Ամերիկյան մայրցամաքում»: