Որևէ գերտերության կողմից Արցախի ճանաչումը շղթայական ռեակցիա կառաջացնի ճանաչման գործընթացն սկսելու համար. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Մենք ակնկալիքներ պետք է ունենանք մեզնից և այն դաշնակիցներից, որոնք մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ մեր դաշնակիցն են: Այս տարածաշրջանում նրանք կան, այնպես չէ, որ Հայաստանը միայնակ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, և հարցին՝ եթե միջազգային հանրության կողմից միայն հայտարարություններ են, բայց գործուն քայլեր չկան, պե՞տք է ակնկալիքներ ունենանք միայն Ռուաստանի Դաշնությունից:
«Այս պահի դրությամբ թյուր կլինի ԵՄ-ից, ԱՄՆ-ից, այլ երկրներից կտրուկ քայլեր սպասել, որովհետև ցանկացած պետություն, ուժային կենտրոն ունի իր շահերը և առաջնորդվում է դրանցով, ինչը նորմալ է»,-նշեց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ թեև հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն հակառակորդը շարունակում է հարձակողական գործողությունները, թիրախավորել է նաև ՀՀ-ի տարածքում գտնվող զինտեխնիկան, պատգամավորն արձագանքեց, թե այն, որ մեր հակառակորդը նույն ուխտադրուժ թշնամին է, ինչ նախկինում է եղել և որևէ պայմանավորվածություն իր հետ չի աշխատելու:
«Խնդիրն այստեղ նաև միջնորդի դերն էր, որն առկա էր: Միջնորդը պետք է կարողանար իր հեղինակության միջոցով հասնել նրան, որ հրադադարը պահպանվեր, ինչը չի լինում, և ՌԴ ԱԳ նախարարը, Պաշտպանության նախարարը հիմնականում կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը, որի միջնորդը ռուսական կողմն է եղել: Այս իրավիճակում որևէ ձևով չի պահպանվում հրադադարը գոնե Կարմիր խաչի պայմաններով գերիների փոխանակության կամ մարտադաշտում զոհված զինվորների մարմինների տեղափոխման համար, որևէ ձևով չեն պատրաստվում կանգ առնել, որովհետև բացի այն, որ քայլ են անում առաջ, իրենց դաշնակից Թուրքիան իրենց մղում է ավելի արկածախնդիր գործողությունների»,-ասաց նա:
Անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, որով հորդորել է պահպանել հումանիտար հրադադարի ռեժիմը, և հարցին՝ եթե արդեն ռազմական գործիչներն են գործի անցել, կարո՞ղ ենք ակնկալել, որ իրավիճակը կհանդարտվի, Սիմոնյանը պատասխանեց.
«Փաստ է, որ իրավիճակը հանդարտվելու է վաղ թե ուշ, սակայն ժամկետներն են խնդիրը՝ ինչքանով կկարողանան այդ կոչերն ազդեցություն գործել: Այս պահին այն «մեքենան», որը ԼՂՀ-ի դեմ շարժման մեջ է դրել Ադրբեջանը, շատ դժվար է կանգնեցնել, և մեր կողմը պետք է կարողանա ամեն ինչ անել, որ ոչ միայն հետ շպրտի թշնամուն, այլև պատերազմն օր առաջ կանգնեցնի այն դիրքերում, որտեղ սկսվել է»:
Հարցին՝ այստեղ նաև ՌԴ հեղինակության հարցը չէ՞, Սիմոնյանն արձագանքեց. «Իհարկե, միջնորդություն է անում այն պետությունը, որն ունի հեղինակություն երկու կողմերի համար էլ, և միջնորդի խոսքը կարող է ազդեցիկ լինել երկու կողմերի համար, սակայն տեսնում ենք, որ այդ միջնորդությունն այնքան էլ ազդեցիկ չէ Ադրբեջանի համար. հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից հետո հրադադարը այս կամ այն ձևով չպահպանվեց»:
Դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաև այն մասին, որ Արցախում անհրաժեշտ է խաղաղապահներ տեղակայել, Սիմոնյանն արձագանքեց, թե դա լուծման տարբերակներից մեկն է. «Քննարկելի է՝ ի՞նչ ձևի խաղաղապահներով՝ Մինսկի խմբի երկրների՞ մասին է խոսքը, ԵԱՀԿ անդամ պետությունների՞ մասին է, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՞ մասին է: Դա լուծման տարբերակներից մեկն է. եթե կա հնարավորություն տարածաշրջանը անվտանգայնացնել այդ միջոցով, պետք է քննարկել: Պետք է քննարկել ցանկացած հարց ու բանակցել այդ հարցերի շուրջ»,-ասաց ԼՀԿ ներկայացուցիչը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե կարծես առկա է միջազգային կոնսենսուս նրա շուրջ, որ ահաբեկիչներ են բերվել, խաղաղ բնակչությունն է հրթիռակոծվում, ր հարցին՝ ինչու՞ պետությունները գործուն քայլեր չեն անում, Սիմոնյանն արձագանքեց, թե միջազգային հանրությունը կոչվածը մնացել է անցյալում, որովհետև մարդու իրավունքների աշխարհն այլևս գոյություն չունի:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, Սիմոնյանն ասաց, թե եթե ճանաչումը տեղի ունենա գերտերություններից որևէ մեկի կողմից, շղթայական ռեակցիա կառաջացնի ճանաչման գործընթացն սկսելու համար: Հարցին՝ առաջին քայլը Հայաստա՞նը պետք է անի, պատգամավորը տեսակետ հայտնեց, թե դա պետք է համաժամանակյա գործողություն լինի մի քանի պետությունների կողմից:
Հարցին՝ խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի հետ հանդիպումից հետո կոնսենսուս ունի՞ իշխանության հետ այդ հարցերի շուրջ, Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ, սակայն այժմ այդ մասին չեն կարող բարձրաձայնել: «Պատերազմը կավարտվի, և կգա խոսելու ժամանակը»,-ասաց նա: Հարցին էլ՝ ասելիք կա նաև իշխանությա՞ն գործողությունների վերաբերյալ, Սիմոնյանն արձագանքեց՝ միանշանակ. «Ոչ բոլոր գործողություններն են, որ մենք համարժեք ենք գտնում, որ տեղ են գտել, բայց դրանց մասին՝ հետագայում: Այս պահին մեզ պետք է ամբողջ ճակատով կռվել»,-ասաց նա:










