«Ռազմական դիտորդները կարող են ապահովել կրակի դադարեցման պահպանումը ԼՂ-ում». Լավրովը ընդգծել է նաև խաղաղապահների տեղակայման դերը (տեսանյութ)
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տալիս՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին:
Նախարարի հետ զրուցում են RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն ու Комсомольская правда պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը:
Իր հարցազրույցում ՌԴ գլխավոր դիվանագետը նշել է, որ հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է։
«Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա փուլային, հետզհետե Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև»,-ասել է Լավրովը՝ նկատելով, որ այդ սխեման լավ հայտնի է:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հուսալի կապ Հայաստանի հետ ասելով՝ նկատի ունի երկու շրջաննե՞ր՝ Լաչինի միջա՞նցք, այսինքն՝ 2-5 սխեմա՞ն, Լավրովը նշել է, որ վերջին շրջանում քննարկված և կողմերի կողմից լրջորեն ընկալված բոլոր պայմանավորվածությունները, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում՝ 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև 2-րդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։
«Առաջին փուլում, բացի երկու շրջանների ազատումից, կարգելափակվեին բոլոր հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային կապերը, և խաղաղապահները կտեղակայվեն՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար», - ասել է Լավրովը:
Սակայն միևնույն ժամանակ Լավրովը նաև ընդգծել է, որ հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի, մեխանիզմը պետք է գործի շփման գծում, դա 5 շրջանները չեն, որոնք ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների համաձայն՝ պետք է տրվեն առաջին փուլում:
«Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները կարող էին ապահովել կրակի դադարեցման պահպանումը: Դրանց տեղակայումը բավարար կլիներ: Մենք գտնում ենք, որ դա միանգամայն ճիշտ կլիներ, եթե մեր ռազմական դիտորդները լինեին, սակայն վերջնական խոսքը կողմերինն է: Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն մեր ռազմավարական և գործընկերային հարաբերությունները»,-ասել է Լավրովը:










