Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսությունների հետ աշխատողներին մեսիջ պետք է ուղղել, որ նրանք ֆինանսավորում են միջազգային մակարդակով հանցագործությունը. Լ. Ամիրխանյան (տեսանյութ)
«Գուցե ոչ ուղղակի, բայց անուղղակի սանկցիաների ոչ միայն պետք է սպասել, այլ նաև՝ պետք է այդ ուղղությամբ գործընթաց տարվի: Այսօր աշխարհասփյուռ հայության կողմից կատարվող հսկայական աշխատանքին պետք է ավելանա ևս մի բաղադրիչ: Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսությունների հետ աշխատող երկրներին, դոնոր կազմակերպություններին մեսիջ պետք է ուղղել, որ նրանք ոչ թե զարգացնում են այդ երկրների տնտեսական հզորություններն, այլ ֆինանսավորում են միջազգային մակարդակով հանցագործությունը»: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին:
Ըստ փորձագետի, Ադրբեջանի տնտեսությունը գտնվում է բավական վատ վիճակում, ընդ որում՝ ոչ միայն պայմանավորված այս պատերազմով: «Պատերազմն ու նավթի համաշխարհային շուկայում ֆորս-մաժորը ցույց տվեցին, որ Ադրբեջանի տնտեսությունը՝ որպես տնտեսական միավոր թերզարգացած է, որքան էլ զարմանալի թվա: Որպես պատերազմի ուղղակի հետևանք՝ անկում է ապրել ադրբեջանական նավթի գինը: Վերջին տվյալներով այդ անկումը կազմել է 4 տոկոս, այսինքն մեկ բարելի դիմաց մոտ 40 դոլար արժե ադրբեջանական նավթը, մինչդեռ իրենց բյուջեն հաշվարկված է նվազագույնը 50 դոլարով»: Ամիրխանյանը հիշեցրել է, որ ադրբեջանական բյուջեի եկամուտների իննսուն տոկոսը նավթից ստացվող եկամուտներն են, հետևաբար հարվածի չափը կարելի է պատկերացնել: «Այս ֆորս-մաժորի ընթացքում ադրբեջանական տնտեսության ցուցաբերած վարքագիծը բնական է ոչ զարգացած, չդիվերսիֆիկացված տնտեսության համար»,-նշել է նա:
Լիլիա Ամիրխանյանը նշել է, որ պատերազմի համատեքստում տնտեսության մասին խոսելիս, անհրաժեշտ է տարբերակել ուղղակի և անուղղակի մասնակցության հարցը: «Բոլոր հնարավոր հարթակներում ապացուցված է, որ Արցախի դեմ միայն Ադրբեջանը չէ պատերազմում, այլև՝ Թուրքիան: Թուրքիայի տնտեսությունը ևս շատ վատ վիճակում է գտնվում. կապիտալի արտահոսք, լիրայի արժեզրկում, մինչև պատերազմը վալյուտային ռեզերվների գրեթե ամբողջապես վատնում, ինչը գլոբալ տնտեսական կայունության տեսանկյունից բավական խնդրահարույց է: Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանին Թուրքիայի կողմից այսպես կոչված «եղբայրական» աջակցության նպատակների թվում կարող է լինել նաև տնտեսականը՝ օգտվել Ադրբեջանի ռեզերվներից»,- ասել է նա: Լիլիա Ամիրխանյանը վստահեցրել է, որ իրավիճակի որոշակի կայունացումից հետո այդ երկրներն իրար մեջ են խնդիր ունենալու՝ ռեսուրսների օգտագործման հետ կապված:
Խոսելով Հայաստանի տնտեսության մասին, Ամիրխանյանը նշել է, որ մեզ մոտ իրավիճակը կայուն է. «Դիտարկենք միայն մի ցուցանիշ. ԿԲ-ը կարողանում է պահպանել դրամի կայունությունը, ինչը չես ասի թուրքական լիրայի մասին, որը զրոյական մակարդակում է կամ ադրբեջանական մանաթի, որն ակտիվ անկում է ապրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










