Թշնամին նոր մարտավարություն է որդեգրել, մեծ խտությամբ հետևակ է կիրառում, այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

22:00 • 14.10.20

 

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները, հատկապես ակտիվ են եղել հյուսիսային և հարավային ուղղությամբ։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Երկու ուղղություններով էլ համառ հարձակումներ են փորձել զարգացնել, ընդ որում՝ փորձել են զարգացնել հիմնականում հրետանային ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել՝ աներեր կանգնելով։ Բավականին մեծ են Ադրբեջանի այսօրվա կորուստները կենդանի ուժի տեսանկյունից, ինչպես նաև երեկվա ընթացքում են մեծ կորուստներ կրել»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ թշնամին կարծես նոր մարտավարություն է որդեգրել, ինչը ակնհայտ է հատկապես բարձունքները գրավելու փորձերի ժամանակ։

«Աննկարագրելի մեծ խտությամբ հետևակի կիրառություն, ինչը մենք շատ հաճախ տեսնում ենք տեսանյութերում։ Այս պահին մարտերը նորից շարունակվում են, բայց երեկոյան ժամերին մի փոքր ինտենսիվությունը նվազում է»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ՀՀ տարածքում զինտեխնիկայի թիրախավորմանը․ «Թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտիմացնում է ՀՀ կողմից համապատասխան պատասխան քայլերը և նմանատիպ ռազմական նշանակության թիրախների խոցումը Ադրբեջանի տարածքում»։