Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի՝ ԼՂ բանակցային գործընթացում ներգրավվելու ձգտումը

14:51 • 14.10.20

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը կողմ են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցային ձևաչափի պահպանմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մոսկվայում, առաջին հերթին, հիմնվում են նրա վրա, որ երեք երկրի (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) արտգործնախարարների միջև Մոսկվայում վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ երեք կողմերն էլ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխության սկզբունքը»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան լրագրողներից մեկի՝ բանակցային ձևաչափում Թուրքիային նույնպես ներգրավելու մասին առաջարկությունը մեկնաբանելու խնդրանքին։

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է կարգավորվել Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունենալիք երկխոսության միջոցով: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։