2019-ի համեմատ այս տարի Թուրքիան Ադրբեջանին 6 անգամ ավելի շատ զենք-զինամթերք է մատակարարել. Reuters
Ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Թուրքիայից Ադրբեջան տարեսկզբից ավելացել է 6 անգամ՝ 20 մլն դոլարից հասնելով 123 մլն դոլարի նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալները:
Գործակալության տվյալներով՝ անօդաչուների և ռազմական նշանակության այլ տեխնիկայի վաճառքի ծավալը միայն վերջին մեկ ամսում հասել է 77 մլն դոլարի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտական գործողությունների մեկնարկից առաջ: Մատակարարումների մեծ մասն իրականացվել է հուլիսից հետո, երբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին իրականացվել:
Անօդաչուների, հրթիռային համակարգերի, զինամթերքների և այլ սպառազինման վաճառքի ծավալները կտրուկ աճել են հունիսի 278 880 դոլարից հասնելով 36 մլն դոլարի օգոստոսին և 77.1 մլն դոլարի սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










