Պետք է ունենանք ուժեղ զինված ուժեր և հասկանանք, որ միայն դա բավարար չէ․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)

14:37 • 15.10.20

Այս պատերազմը հսկայական մարտահրավեր է, վտանգ է, բայց նաև հնարավարություն է, որպեսզի ամեն ինչ անենք մեր պետականությունն ուժեղացնելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Դա անելու ենք։ Հետագայում, պատերազմը վերջանալուց հետո համապատասխան հետևություններ պետք է անենք։ Մենք պետք է հասկանանք, որ ի դեմս Թուրքիայի՝ գործ ունենք մի երկրի հետ, որին իրավունք չունենք թերագնահատելու, ով ունի հարյուրամյակների աշխարհաքաղաքական պայքարի փորձ։ Չի կարելի թերագնահատել նաև Ադրբեջանին՝ «իլյուշաներ» և այլ այդպիսի կոչումներ։ Մենք տեսնում ենք, որ նրանք նենգ, դժբախտաբար, խելոք և ահաբեկչական երկրներ են՝ ցանկացած արկածախնդրության պատրաստ։ Սա չի նշանակում, որ նրանց հետ հնարավոր չէ պայքարել, հնարավոր է և մեր տղաները ցույց են տալիս ռազմի դաշտում, կանգնած են մինչև վերջ և կանգնելու ենք մինչև վերջ, այլ տարբերակ չկա»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ ներկայում ընթացող պատերազմն ուղղված է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի դեմ։

«Նրանք միայն չեն ուզում հայոց պետականությունը և Արցախը կործանել։ Սա նպատակներից մեկն է ընդամենը։ Նրանք ուզում են մտնել Անդրկովկաս և դուրս չգալ այստեղից, այնուհետև սկսել մարմնավորել պանթյուրքիզմի գաղափարախոսությունը։ Գրավել Հարավային, Հյուսիսային Կովկասը, Իրանի հյուսիսային մասերը, Կենտրոնական Ասիան, Վոլգայի շրջանը, Սինձյանը։ Այսինքն, ստեղծել այդ մեծ կայսրությունը»,- նշեց նա։

Արցախի նախագահի խորհրդականը նշում է, որ այս պահի դրությամբ պատերազմը դադարեցնելու հարցում ամենից շատ ջանքեր է գործադրում Ռուսաստանը։ Ակտիվ ներդրում ունեն նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ն:

«Մենք տեսնում ենք դա և պետք է բարձր գնահատենք։ Իսկ ինչու չի ստացվում կանգնեցնել, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչների հետ մարտահրավեր են նետել նաև Մոսկվային։ Դժբախտաբար, Թուրքիան արդեն մտել է տարածաշրջան և մենք արդեն սեպտեմբերի 27-ից հետո ունենք այլ Անդրկովկաս։ Թուրքիան կամավոր այստեղից դուրս չի գալու։ Թուրքիան Նախիջևանն արդեն վաղուց ռազմակալել է, իրենց բանակն այնտեղ է։ Չի բացառվում, որ մնա նաև Ադրբեջանի այլ տարածքներում։ Այո, մենք պետք է ունենանք ուժեղ զինված ուժեր, բայց նաև հասկանանք, որ դա միայն բավարար չէ։ Պետք է տանել համապատասխան արտաքին քաղաքականություն, ունենալ եղբայրական երկրների հետ այնպիսի հարաբերություններ, որը հիմնված չի լինի աշխարհաքաղաքական հաշվարկների վրա, այլ կգտնվի միմիայն զգացմունքային, եղբայրական տիրույթում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում։