Ինչպես է Թուրքիան ռազմականացրել իր արտաքին քաղաքականությունը. Politico

12:55 • 15.10.20

Ժամանակին Թուրքիայի իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ փորձում էին առաջնորդվել «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով, սակայն հիմա այդ կարգախոսից բան չի մնացել։ Իր նպատակներին հասնելու համար ռազմական հզորությունից աճող կախվածությունը Թուրքիային ներքաշել է իր հարևանությամբ ծագած մի շարք հակամարտությունների մեջ՝ մարտահրավեր նետելով ինչպես իր մրցակիցներին, այնպես էլ ավանդական դաշնակիցներին, գրում է Politico-ն։

Ինչպես նշում է հոդածագիր Էյլա Ջին Յակլին, միայն անցյալ տարի Թուրքիան հասցրել է մարտահրավերներ նետել Ռուսաստանին, Եվրոպային և Միացյալ Նահանգներին՝ Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին միջամտելու, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսի ջրային տարածքների սահմանները խախտելու և անօրինական հետախուզությունն ու հորատման աշխատանքներ իրականացնելու համար։

«ԵՄ-ի կողմից Լիբիայում և Միջերկրական ծովում նրա ուժային խաղի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքները մինչ այժմ հիմնականում փուչ են եղել: Անկարային նաև հաջողվել է խուսափել ԱՄՆ-ի պատժամիջոցներից, որոնք խոստացել էր սահմանել ռուսական հրթիռային համալիրի գնման կապակցությամբ»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ պատժամիջոցներից խուսափելը ամրապնդեց Անկարայի հավատն առ այն, որ ինքը մեծ ռազմավարական նշանակություն ունի՝ լինի դա ՆԱՏՕ- ի կողմից օգտագործվող թուրքական ռազմակայանները, թե Էրդողանի՝ միլիոնավոր փախստականների համար Եվրոպա «դարպաս բացելու» սպառնալիքը։

Հոդվածագրի խոսքով՝ այժմ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավվել է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությանը՝ իր մերձավոր դաշնակցին տրամադրելով զինամթերք և հրաժարվելով միանալ հրադադարի միջազգային կոչերին:

«Այս կոշտ դիրքորոշումը ցույց է տալիս ռազմական մկանները լարելու Անկարայի պատրաստակամությունը, որպեսզի հասնի նրան, ինչին չի հասել դիվանագիտական ճանապարհով։ Իր երկրի ներսում այդ դիրքորոշումը աջակցություն է առաջացրել հասարակության շրջանում»,- ընդգծում է հոդվածագիրը։

«Վտանգ կա, որ Թուրքիան կարող է չափազանց ընդլայնել իր ռազմական հնարավորությունները և ներքաշվել անցանկալի ռազմական գործողությունների մեջ։ Նրա վատթարացող տնտեսությունը կարող է զսպող գործոն լինել։ Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը տարածաշրջանում, այլ պետություններ, որոնք արդեն փորձում են մեկուսացնել Թուրքիային դիվանագիտական ճանապարհով, նույնպես կարող են փորձել տնտեսական վնաս հասցնել Թուրքիային»,- հոդվածագիրը մեջբերում է Center for American Progress կենտրոնի ավագ գիտաշխատող Ալան Մակովսկիի խոսքերը։