Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ ու այսօր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երեկ ու այսօր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










