ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ քաղտնօրենն ընդգծել են ԼՂ-ում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը
ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը:
Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հայկական և ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ընդգծվել է հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի մասին պայմանավորվածությունը հոկտեմբերի 10-ին ձեռք է բերվել Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ»,- ասվում է ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում










