«ԼՂ ստատուս քվոյի պահպանումն առավել պակաս ռիսկ էր, քան դրա փոփոխումը». հակամարտությունների լուծման ոլորտի առաջատար փորձագետ
Բուլղարական «Տրուդ» թերթը ներկայացրել է Դեսիսլավա Ռուսանովայի վերլուծությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող պատերազմի և Կովկասի վերաբերյալ: Վերջինս հակամարտությունների լուծման ոլորտի աշխարհի առաջատար փորձագետներից մեկն է և խաղաղ բանակցությունների կազմակերպման գծով Inter Mediate հայտնի միջազգային կազմակերպության ամենափորձառու աշխատակիցներից մեկը: Ռուսանովան միջնորդ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցող մի քանի կարևոր հայ-ադրբեջանական խաղաղ համաժողովների ընթացքում:
Փորձագետի վերլուծությունը թարգմանաբար ներկայացրել է inosmi.ru կայքը:
Նրա խոսքով՝ շահերը և կարմիր գծերը, որոնք չի կարելի հատել, այնքան շատ են, որ «սառեցված հակամարտության» ստատուս-քվոն ավելի ընդունելի է, քան ցանկացած խաղաղություն: Այսօր, ինչպես և մի քանի դար շարունակ, Կովկասը բուֆերային գոտի է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Արևմուտքի միջև: Ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները չեն գնա անհրաժեշտ փոխզիջումներին, կարծում է փորձագետը:
Խաղաղ բանակցություններում հաջողության հասնելու և պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է միաժամանակ մի քանի գործոնների առկայություն՝
1. Անելանելի վիճակ, որը վտանգավոր է երկու կողմերի համար
2. Հնարավոր համաձայնության հասնելու համար շփման կետեր
3. Լայն աջակցություն սեփական երկրում, երկրի ներսում և դրա սահմաններից դուրս կողմնակիցների շրջանում
4. Բարենպաստ աշխարհաքաղաքական հանգամանքներ: Հզոր ուժերը պետք է ընդհանուր համաձայնության գան այն հարցում, որ այս հակամարտության լուծումն անհրաժեշտ է
5. Քաղաքական կամք և ուժեղ ղեկավարություն երկու կողմից:
«Ներկա պահին այս ամենից և ոչ մեկը ԼՂ իրավիճակում առկա չէ: Անելանելի դրություն է, որը վտանգավոր է երկու կողմերի համար»,-կարծում է հոդվածագիրը:
Հեղինակի խոսքով՝ գործնականում դա նշանակում է, որ հակամարտության պահպանումը երկու կողմի համար էլ թանկ կարժենա, նրանք չեն կարողան որակապես բարելավել իրենց դիրքերը, այդ պատճառով էլ ստիպված կլինեն հակամարտության լուծման միջոցներ փնտրել:
«Փաստորեն, վերջին 30 տարվա ընթացքում այս փակուղային իրավիճակն այնքան էլ վտանգավոր չէր, այլև հարմար երկու կողմի համար: Իհարկե, այս իրավիճակը ցավեցնում է, սակայն ոչ այնքան, որքան ինտենսիվ մարտական գործողությունները, ոչ մի բանի չհանգեցնող խաղաղ գործընթացները և երկու ժողովուրդների հնարավոր գոյատևումը», -գրում է Ռուսանովան:
Նա ընդգծում է, որ վերջին երեք տասնամյակի ընթացքում Հայաստանի, ԼՂ-ի, ինչպես նաև Ադրբեջանի համար ստատուս քվոյի պահպանումը առավել պակաս ռիսկ էր, քան դրա փոփոխումը:
Ըստ Ռուսանովայի՝ Կովկասում բախվում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի շահերը: Լեռնային Ղարաբաղը գտնվում է այս երկրների միջև ներկայիս հարաբերությունների ընդհանուր դինամիկայի համատեքստում: Սա գործընթացների բարդ կոնգլոմերատ է, որը սկսվում է Կովկասում, անցնում է Սիրիայի միջով դեպի Լիբիա, և գործընթացներ, որոնք սկսվում են Վրաստանում, անցնում Ուկրաինայի միջով մինչև Բելառուս: Բացի այդ, այսօր, ինչպես և դարեր շարունակ, Կովկասը բուֆերային գոտի է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև: Կասկած չկա, որ վերջին ամիսներին այստեղ մեծ ազդեցություն ունի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:
«ԼՂ-ում խաղաղ գործընթացն առավել ինտենսիվ զարգացել է 2007-2008թթ., երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից փորձում էին երկրների դիրքերը մոտեցնել նրան, որ հասնեն խաղաղության համաձայնագրի վերաբերյալ շրջանակային պայմանավորվածության, որը հիմնված կլինի մի քանի բազային, այսպես կոչված, «մադրիդյան» սկզբունքների վրա: Տեսականորեն այդ մադրիդյան սկզբունքներն առավել մոտ էին հնարավոր փոխզիջմանը: Սակայն չնայած Մինսկի խմբի և նրանց գործընկերի քրտնաջան աշխատանքին՝ և՛ սկզբունքները, և՛ խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորությունն անընդունելի էին երկու կողմերի համար, և խաղաղ գործընթացը կանգ է առել: Այժմ՝ 10 տարի անց, իրավիճակն էլ ավելի է բարդացել, և խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելն էլ ավելի բարդ է լինելու»,-եզրափակում է Ռուսանովան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










